
Չսահմանափակել ուսանողի ազատ կամարտահայտման իրավունքը․ դասախոսները ստորագրահավաք են սկսել

Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներ դատապարտում են ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։
Դասախոսները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու, առհասարակ, չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։
«Մենք՝ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։
Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։
Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու, առհասարակ, չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։
Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն-ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)»,-հայտարարությունը տարածել է Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
Ստորագրահավաքին միացել են քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Արթուր Ղազինյանը, ԵՊՀ ֆինանսահաշվային և ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնների դոցենտ Հայկ Ֆարմանյանը, Հայ-Ռուսական համալսարանի դասախոս Թամարա Զալինյանն ու մի խումբ այլ դասախոսներ։