Պատրաստ ենք սկսել բանակցությունների առաջին փուլը. Բայրամով
Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։
«Մեր հույսերը լավատեսական են, լավ արդյունքի հույս ունենք։ Եթե համեմատենք ներկայիս և մեկ տարի առաջվա մթնոլորտը, ապա դրական տեղաշարժեր ենք տեսնում»,- ասել է դիվանագետը:
Միաժամանակ Բայրամովը հավելել է, որ «հայկական կողմը միշտ չէ, որ աչքի է ընկնում իր դիրքորոշման կայունությամբ»:
Հարկ է նշել, սակայն, որ ադրբեջանի հղած «դրական» նոտաները, թե իբր պատրաստ են խաղաղություն հաստատել չեն համապատասխանում այն իրականության հետ որն առկա է ՀՀ-ում և Արցախում: Ադրբեջանցիները շարունակաբար խոչընդոտում և խաթարում են արցախում բնակվող մեր հայրենակիցների անդորրը, կրակահերթեր են բացում խաղաղ բնակչության ուղղությամբ: Ավելորդ է հիշեցնել, որ մոտ մեկ տարի է թշնամու զորքը ՀՀ սուվերեն տարածք է ներխուժել և դուրս գալու փոխարեն ամրապնդվում է մեր հողում:
Հիշեցնենք նաև, որ Բաքուն առաջ է քաշել «խաղաղության» համաձայնագրի 5 սկզբունքներ: Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Բաքվի՝ Երևանին փոխանցած 5 կետանոց առաջարկին, վերահաստատեց՝ այդ առաջարկներում Երևանի համար անընդունելի ոչինչ չկա, «այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»։