Ալիեւը որոշել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակության կազմը

Բաքուն որոշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ազգային հանձնաժողովի եւ երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման պատվիրակության կազմը։ Այս մասին շաբաթ օրը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ 

«Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով ադրբեջանական կողմը որոշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ազգային հանձնաժողովի եւ երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման պատվիրակության կազմը, հակառակ կողմին հայտնել է, որ պատրաստ է «Բաքու-Երեւան» ձեւաչափով» բանակցությունների,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Ալիեւն ընդգծել է խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքները որպես հիմք ընդունելու կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ եվրոպական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նշվել է Միշելի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը եւ ընդգծվել է պայմանավորվածություններին համապատասխան աշխատանքի վրա հիմնված արդյունքի կարեւորությունը։ 

«Ալիեւը շնորհակալություն է հայտնել Միշելին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում աջակցության համար, ներառյալ սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը, երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, տրանսպորտային եւ հաղորդակցության գծերի բացումը: 

Իր հերթին Միշելը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար... 

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։