Ռուսաստանը կսպասի ուկրաինացի բանակցողների պատասխանին․ Պեսկով

Կրեմլում զարմացած են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այն հայտարարության առնչությամբ, թե ինքը չի տեսել Ռուսաստանի կողմից Ուկրաինային ներկայացված փաստաթղթի նախագիծը։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Մենք լսեցինք նախագահ Զելենսկիի այն հայտարարությունը, որ ինքը ոչ մի տեքստ չի ստացել և չի տեսել, ինչը հարց է առաջացնում, թե ինչու նախագահ Զելենսկիին չեն զեկուցում տեքստի մեր տարբերակների մասին»,- ասել է Պեսկովը։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Ռուսաստանը կսպասի ուկրաինացի բանակցողների պատասխանին՝ կապված փաստաթղթի նախագծի ռուսական տարբերակի հետ։

 

«Վերջին տարբերակում մեր ձևակերպումները փոխանցվել են հակառակ կողմին՝ ուկրաինական բանակցող պատվիրակությանը, կսպասենք նրանց պատասխանին»,- ասել է Պեսկովը։

 

Երեկ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Կիևին է փոխանցել փաստաթղթի նախագիծը՝ հստակ ձևակերպումներով և այժմ պատասխանի է սպասում։ Նա ընդգծել էր, որ ուկրաինական կողմը միշտ հեռանում է ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչը բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։

Իր հերթին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան Ռուսաստանից չի ստացել որևէ գրավոր առաջարկություն բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ։


 

Քաղաքականություն