
Հումանիտար խնդրի առաջ ենք, Ռուսաստանը դեռ չի հոգացել զոհված զինվորների մարմինների դուրսբերման հարցը․ Անատոլի Կոտլյար

Սումիի շրջանի Առողջապահության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար Անատոլի Կոտլյարի խոսքով՝ Ռուսաստանը դեռ չի հոգացել զոհված զինվորների դուրսբերման հարցը, փոխանցում է UNIAN-ը։
«Դրանք հակառակ կողմին պետք չեն, չեն տանում, մնում են մեզ մոտ և մեծ վտանգ են ներկայացնում, առաջին հերթին՝ բնապահպանական: Քայքայվելով՝ մարդու մարմինը դիակային թույն է արտազատում»,- ասել է Կոտլյարը։
Անփաստագրված մարմինները դժվար է նույնականացնել, ասաց նա: Նրա խոսքով՝ ռուս զինծառայողների դիերը պահելու համար պատվիրվել է 10 սառնարան, սակայն որոշ երկաթուղային գծերի արգելափակման պատճառով դրանք դեռ չեն առաքվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։