ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում բուսայուղի ճգնաժամ է սկսել. Ուկրաինայից ու Ռուսաստանից մատակարարումներ չկան

Թուրքիայի մթերային խանութներում հրմշտոց է, սպառողները խանութների կիսադատարկ դարակներից փորձում են գնել մեկ օրվա ընթացքում գրեթե կրկնակի թանկացած բուսայուղ։ Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի «Բուսայուղ արտադրողների ասոցացիան» հայտարարել է՝ բուսայուղի առկա պաշարները մինչև մարտի վերջ, առավելագույնը՝ մինչև ապրիլի կեսը կհերիքեն։
 
Նշենք, որ բուսայուղի պաշարների պակասը Թուրքիայում սկսվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետևանքով։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց, որ փակում է Ազովի ծովով նավերի անցումը։ Այժմ 16 թուրքական նավ Ազովի նավահանգիստներում սպասում են թույլտվության։ 

Մինչ այդ, եթե երեկ բուսայուղի գինը թուրքական խանութներում 100 լիրա արժեր, ապա այսօր՝ մեկ օրվա ընթացքում, այն դարձել է 190 լիրա ու առաջացրել թուրք սպառողների դժգոհությունը։ Համացանցում տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվում, որտեղ երևում է՝ ինչպես են գնորդները խանութներում միմյանց քաշքշելով փորձում բուսայուղ գնել։ 

Թուրքական ասոցիացիայի նախագահ Թահիր Բյույուքհել Վաջօղլուի խոսքով՝ Թուրքիայում բուսայուղի առնվազն 3 մլն տոննա ծավալի կարիք կա, որից 1,3 մլնը ներկրվում է արտերկրից։ Ներկրվող բուսայուղի 15%-ն Ուկրաինայից էր բերվում, 55%-ը` Ռուսաստանից։

Քաղաքականություն