«Ինչպես ճանճին հեռացնել եղևնու վրայից». ոստիկանական օպերացիա Արմավիրում. եղևնիները գողացողը գեներալի եղբայր է. Shamshyan. com

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ խիստ հանձնարարական է իջեցվել ոստիկանության մարզային վարչությունների պետերին, տարածքային բաժինների պետերին, որպեսզի վերջիններս ուժեղացված հսկողություն իրականացնեն անտառահատների, բնության նկատմամբ կատարված ոտնձգությունների կանխման, նախականխման և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը,  երեկ՝ փետրվարի 21-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ և ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզում իրականացրել են  «Ինչպես  ճանճին հեռացնել եղևնու վրայից» օպերացիան: 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը տեղեկություններ է ստացել, որ Մեծամոր քաղաքի վարչական տարածքից 35-40 տարեկան եղևնիներ են արմատախիլ արել և գողացել: Կարճ ժամանակում ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-միջոցառումներ, պարզում են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում Արշալույս գյուղի բնակիչ, 64-ամյա Աշոտ Գրիգորյանը  Մեծամոր քաղաքի նախկին կինոյի տան դիմացի բակային հատվածից  արմատախիլ է արել 3  հսկայական  եղևնի ու տեղափոխել Արշալույս գյուղի իր տուն: Ոստիկանները, ժամանելով Ա. Գրիգորյանի տուն, բացատրական աշխատանքներ են կատարում նրա հետ, որից հետո եղևնիներից 2-ը Արշալույս գյուղից  տեղափոխվում են այն վայրը, որտեղ տարիներ առաջ տնկվել են: Ա. Գրիգորյանը պարտավորվել է 3-րդ եղևնին նույնպես տեղափոխել նույն վայրը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Կայքի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրն է, ով ընկերական շրջապատում հայտնի է  «Ճանճ» մականվամբ: 

Քաղաքականություն