
Արտակարգ դեպք` Երևանում. 11-ամյա տղայի ձեռքի մեջ պայթել է հրավառության պայթուցիկ սարք

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երեկոյան ՀՀ ոստիկանության պարեկները Ազատության պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի կին և մի տղամարդ և խնդրել են, որպեսզի պարեկները իրենց ուղեկցեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իմանալով, թե ինչն է պատճառը, վաշտի հրամանատար Հ. Գրիգորյանն ու ավագ պարեկ Վ. Գևորգյանը այդ կնոջն ու տղամարդուն, ովքեր պարզվել է՝ ամուսիններ են և նրանց հետ գտնվող 11-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել երեխային: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան լուրջ վնասվածքներ է ունեցել: Նա պայթուցիկ հրավառության սարք է անզգուշությամբ պայթեցրել ձեռքի մեջ, ինչի հետևանքով դաստակն ամբողջովին լուրջ վնասվել է, որից հետո երեխայի ծնողները փորձել են երեխային տեղափոխել հիվանդանոց, սակայն, քանի որ ամեն մի վայրկյանը թանկ էր, ծնողները դիմել են պարեկների օգնությանը: