Երկրների կոչերը՝ Ուկրաինայում գտնվող իրենց քաղաքացիներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականության պատճառով դիմում է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Կիևի դեսպանատունը, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսությունները անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։ 

 

«Վրաստանն ուշադիր հետևում է ուկրաինական գործընթացներին։ Մենք մշտական կապի մեջ ենք ինչպես Ուկրաինայի մեր գործընկերների, այնպես էլ գործընկեր երկրների ու գործընկեր կազմակերպությունների հետ: Ուկրաինայի տարածքում Վրաստանի քաղաքացիների համար գործում է «թեժ գիծ»։ Միևնույն ժամանակ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում մշտական կապի մեջ են երկրի քաղաքացիների հետ և հորդորում են հաշվի առնել ստեղծված անվտանգության ծանր իրավիճակը»։

 

Վրաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ անդամ երկրներն արդեն կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։ «Ուստի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք հորդորում ենք Վրաստանի քաղաքացիներին կապի մեջ մնալ Վրաստանի դեսպանատան հետ, ինչպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու, այնպես էլ նյութատեխնիկական ու տեղեկատվական աջակցություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն: Այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է Շվեյցարիայի ԱԳՆ կայքում:

 

«Խորհուրդ չի տրվում այցելել Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերով, որոնք հրատապ բնույթ չունեն: Ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում այցելել այդ երկրի որոշ շրջաններ»,- ասվում է հայտարարության մեջ: 

 

ԱԳՆ-ից հայտնել են, որ այս ամենը բխում է դիվանագիտական գերատեսչության կողմից իրադրության վերլուծության արդյունքներից:

 

Իսպանիայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարհանել Կիևում իրենց դեսպանության անձնակազմին, սակայն դեռևս նման քայլ չեն ձեռնարկում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Իսպանիայի ԱԳՆ-ից:

 

«Մենք իրադրությունը վերլուծում ենք ԵՄ և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների ու դաշնակիցների հետ շփումներով: Մենք ունենք տարհանման մեխանիզմ, որը անհրաժեշտության դեպքում գործի կդրվի»,- հայտնել են նախարարությունից:

 

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե այդ երկրում նրանց գտնվելը պարտադիր չէ: Այս մասին հայտարարությունը տեղադրված է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում:

 

«Եթե հիմա գտնվում եք Ուկրաինայում, ապա մտածեք՝ արդյոք անհրաժեշտ է, որ այդտեղ մնաք: Եթե ոչ, ապա կարճաժամկետ հեռանկարում լքեք այն»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ուկրաինայի շուրջ իրադրության լարման հետևանքով այս օրերին տարբեր երկրներ կոչ են արել իրենք քաղաքացիներին խուսափել այցելել այդ երկիր, իսկ արդեն ուկրաինական տարածքում գտնվողներին՝ լքել այն: Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Կանադան, Բելգիան, Քուվեյթը և այլն:

Քաղաքականություն