Ավտովթար` Արարատի մարզում. վթարի ենթարկվածները հարսանքավորներ են

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի Արալեզ գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի  մարզի բնակիչներ, 25-ամյա  Անդրանիկ Մուրադյանի վարած UAZ մակնիշի և 37-ամյա Մուշեղ Միրանյանի վարած  Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես   դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  5 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: 

 

Վիրավորներից մեկը հիվանդանոց  է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով: 

 

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել  մի քանի գյուղերը սնուցող գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի ենթարկվածները հարսանքավորներ էին, ովքեր մեկնում էին արարողությանը մասնակցելու: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետը: 

 

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քաղաքականություն