Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել. Սարգսյան

Թեև Կազանում չի ստորագրվել կամ չի ընդունվել այդ հռչակագիրը, սակայն դա վերջին փաստաթուղթն էր, որ կոչվում էր աշխատանքային փաստաթուղթ, իսկ ես ասել եմ ու էլի կրկնեմ, որ աշխատանքային է կոչվում այն փաստաթուղթը, որը կողմերի համար ընդունվում է որպես քննարկման համար հիմք, տևական ժամանակ բանակցվում է և հետո կա՛մ ստորագրվում է, կա՛մ չի ստորագրվում և գնում է ԵԱՀԿ դեպոզիտարիա: 

 

Դա եղել է վերջինը: Սա մի հանգամանք: Այս մասին ԼՂ հակամարտության բանակցային թեմայով տված հարցարզրույցում նշեց ՀՀ երրոդր նախագահ Սերժ Սարգսյանը։ 

 

«Երկրորդ՝ Կազանյան բանակցություններից հետո, Կազանյան փաստաթղթերից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկություն համանախագահների կողմից, որ այս թե այն կերպով հիմնականում պաշտպանված չլինեն հիմնական այն դրույթները, որոնք եղել են Կազանյան փաստաթղթում, որովհետև Կազանյան փաստաթուղթը ծնունդ է Մադրիդյան սկզբունքների: Իհարկե, որոշ հարցերում ճշտված, ուղղված և այլն: Չի եղել այդպիսի փաստաթուղթ: Այդ թվում այդ երեք փաստաթղթերի փաթեթը չի դարձել աշխատանքային փաստաթուղթ և չի գնացել ԵԱՀԿ դեպոզիտարիա, որովհետև Ադրբեջանը չի ընդունել դրանք: Թեև ես այդպես պաշտպանում եմ, մենք էլ համաձայնություն չենք տվել: Այսինքն՝ դեմ չենք եղել և համաձայնություն չենք տվել: Եվ, ընդհանրապես, Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել և կարծիք էլ չենք հայտնել: Մենք ասել ենք հետևյալը՝ քանի որ ձեր կողմից հավանության արժանացած Կազանյան փաստաթուղթը մենք պատրաստ էինք ստորագրելու, ապա եթե ինչ-որ փոփոխություններ ունեք, խնդրում ենք, համաձայնեցրեք Ադրբեջանի հետ, և եթե ադրբեջանցիները համաձայնեն ձեր որոշակի փոփոխություններով այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք, մենք այն ժամանակ կպատասխանենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։