«ԵԽԽՎ-ում Մամիջանյանը Ադրբեջանին և Թուրքիայի պես դեմ է քվեարկել հայանպաստ բանաձևին». Դավոյանի գրառմանը Մամիջանյանը պատասխանել է

 ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը գրել էր, որ ««Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում միացել է Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների՝ Հայաստանի ժողովրդավարության մասին բանաձևի դեմ քվեարկությանը։ 

 

Նա մասնավորապես գրել էր.


«Ինչ որակի մարդ պետք է լինես, որ ամբողջ օրը թշնամու մասին կոկորդ պատռելով ու արտիստիզմ կիրառելով, հայհոյես Ադրբեջանին ու Թուրքիային, կորսված հայրենիք երգես, ժողովրդավարության մասին աղաղակես, բայց սեփական երկրի ժողովրդավարության բարձր մակարդակի մասին բանաձևին դեմ քվեարկես, էդ էլ հերիք չի` Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակության հետ համահունչ և ձեռք ձեռքի տված։ 
Երեսպաշտություն և փարիսեցիություն»:

 

Կարճ ժամանակ անց պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադարձավ Դավոյանի հայտարարությանը, գրեց, որ իշխանության կողմից իր դեմ լայնածավալ արշավ սկսելը ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ է անում: 
 

 Մամիջանյանը անդրադառնալով զեկույցին դեմ քվեարկելու պնդմանը  մասնավորապես գրել է.


«Մի շփոթեք «նիկոլանպաստ» և «հայանպաստ» բառերը: 
Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն: 
Ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր զեկույցի մեջ ներառել իրենց քարոզչական թեզերը: Թե ինչ եմ արել ես դրա դեմ՝ հարցրեք Ռուբեն Ռուբինյանին (ադրբեջանական որևէ առաջարկ չի ընդունվել): Բացի դրանից՝ կայքում զետեղված է իմ ելույթի տեքստը, որում խոսվում է թուրք-ադրբեջանական տանդեմի վայրագությունների նկատմամբ Եվրոպայի անգործության մասին (հղումը՝ մեկնաբանությունում): 
Ինչպես էի ես նայելու Աշոտ Երկաթի և մյուս քաղաքական բանտարկյալների, ճնշումների և ատելության խոսքի տարափի տակ պայքարող իմ ընկերների ու ճշմարտությունը բարձրաձայնող լրագրողների աչքերին, եթե կողմ քվեարկեի Հայաստանը ժողովրդավարության բաստիոն ներկայացնող սուտ զեկույցին»: 


Նա նաև նշել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ Է ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին: 

Քաղաքականություն