
ԱԱԾ-ին ուղղված հարցմանս պատասխանել են, որ Ծառայությունը pegasus ծրագիր ձեռք չի բերել․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱԱԾ ուղղված հարցմանս պատասխանել են, որ ծառայությունը pegasus ծրագիր ձեռք չի բերել։
Սակայն զարմանալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու գերատեսչությանը չի մտահոգել, որ այդ ծրագրով հայ գործիչների գաղտնալսման դեպքեր են արձանագրվել ու նրանք դրանով չեն մտահոգվել»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել է այն պետությունների ցանկը, որոնք օգտագործում են ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար, այդ ցանկում է նաև Հայաստանը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր, որ Մետայի-Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է Cytrox լրտեսական սոֆտը։
«Սա կազմակերպություն է, որը տրամադրում է վերահսկող ծրագրեր ուժային կառույցներին, այսինքն պետություններին վաճառում է վիրուսներ՝ հետախուզական նպատակներով՝ հանցագործներին, ահաբեկիչներին բռնելու, հետևելու համար։ Պարզապես՝ իրենց հետաքննությունը գնացել է այն ուղղությամբ, որ պարզել են՝ այդ ծրագրերը օգտագործում են ոչ այնքան այն ուղղությամբ, որը նշված է, այլ հաճախ օգտագործում են լրագրողների, քաղաքական գործիչների դեմ»,- ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում Apple-ի սարքերում։ Մարտիրոսյանը նշեց, որ այս դեպքը կարելի է համարել Pegasus-ի շարունակությունը։
«Այս ծրագիրը մակեդոնական է, ունի նաև իսրայելական կապեր»,- ասաց Մարտիրոսյանը։
Հարցին՝ նախկինում էլ եղել են գաղտնալսելու և լրտեսելու գրանցված դեպքեր Հայաստանում, Մարտիրոսյանը պատասխանեց. «Pegasus-ի դեպքը։ Ուղղակի սա առաջին դեպքն է, որ Հայաստանը նշվում է որպես հավանական գնորդ այդ ծրագրի։ Ու երբ խոսքը գնում էր այդ ծրագրի վարակումների մասին ակնհայտ չէր, որ ներքին կարող է լինել, որովհետև վարակումը կարող էր Ադրբեջանից և Թուրքիայից լիներ»։