Ինչ են քննարկել. Շառլ Միշելը մանրամասներ է ներկայացրել Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպումից

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ: 

 

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11 – ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն», – ասված Է հայտարարության մեջ: 

 

Նշվում է, որ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացում ապահովելու համար: Մասնավորապես, նշվել է նախագահ Միշելի աջակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաջող հաստատումը։

 

Հայտարարության համաձայն՝ այս մեխանիզմը կարող է օգնել կանխել ապագա միջադեպերը և դրական ազդեցություն ունենալ՝ նպաստելով տեղերում լարվածության թուլացմանը: Շառլ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի։ 

 

«Նա ողջունել է Ադրբեջանի կողմից վերջին շրջանում տասը հայ գերիների ազատ արձակումը և Հայաստանի կողմից ականադաշտերի բոլոր քարտեզները հանձնելը։ Նա կոչ է արել անհապաղ և ամբողջական լուծել բոլոր չլուծված հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագրի հարցի լուծումը, ընդ որում, ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը և օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության և հաշտեցման առաջխաղացմանը», – ասված Է հայտարարության մեջ: 

 

Նշվում է, որ առաջնորդները քննարկել են ԵՄ-ի եւ երկու երկրների միջև գոյություն ունեցող և հեռանկարային առեւտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաև քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը: Նաև նախագահ Ալիեւը և վարչապետ Փաշինյանը «համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ նախատեսվող բանակցությունների մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել տեղերում լարվածությունը թուլացնելու համար՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար»:

 

Նշվում է, որ նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երևանին, այնպես էլ Բաքվին ակտիվ բարեխիղճ մասնակցություն ապաէսկալացման աշխատանքների: 

 

«Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարևոր տարր է։ ԵՄ – ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին աջակցելու համար՝ երկու երկրներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու միջոցով», – ասված է հայտարարության մեջ: 

 

Հայտարարության համաձայն, նախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի, մասնավորապես, Հարավային Կովկասի միջև հաղորդակցության ենթակառուցվածքների վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով: «Որոշվել է անցնել երկաթուղային գծերի վերականգնմանը փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապող գծերի զարգացմանը, ըստ իր տնտեսական եւ ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է աջակցել այդ գործընթացին», – նշվում է հայտարարության մեջ։ 

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել են Եվրախորհրդի ղեկավար Շարլ Միշելի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները: Հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները առանձին բանակցություններ են վարել Եվրախորհրդի նախագահի հետ: