Գառնիկ Դանիելյանը, Բագրատ Գալստանյանի հետ ստել է ժողովրդին. Հովհաննիսյան

ՀՀ-ն շարունակելու է վարել բալանսավորված քաղաքականություն, բոլոր հարևանների հետ ունենալու է կարգավորված հարաբերություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության սուվերենության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և մեր ժողովրդի բարեկեցության ու խաղաղության: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարելմ է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր գործընկերների՝ իշխանության հասցեին հնչող քննադատությունների:


«Ինչե՞ր եք խոսում, ժողովուրդ ջան, և, ընդհանրապես, դուք դեռ խոսո՞ւմ եք: Դուք այն մարդիկ եք, որ հնարավոր բոլոր ստերը տարածեցիք խաղաղության համաձայնագրի տեքստի մասին: Տեքստը հրապարակված է, և այդ տեքստում ոչինչ չկա ձեր տարածած ստերի մասին»,- ասել է Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:


Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասել է՝  նա Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ ստել է ժողովրդին:


«Եկեք էստեղ ասեք ժողովրդին, որ դուք խաբում էիք, եթե չէիք խաբում, գոնե եկեք ասեք՝ մենք սխալվում էինք, որ խոսելու իրավունք ունենաք, հարց տալու լեգիտիմություն ունենաք: Որովհետև ոնց կարելի է 4 տարի գալ, ինչ սուտ ասես ասել, տեռորի ենթարկել մարդկանց՝ դեռ վերբալ ու հոգեբանական, հետո գալ սրբի դեմքով ինչ-որ ճշմարտություններից փորձել խոսել, որոնք բացարձակապես կապ չունեն որևէ ճշմարտության հետ»,- հայտարարել է Հովհաննիսյանը:


«Ձեր կողմից իշխանական, պալատական հեղաշրջման հետևանքով լուծարվել է ձեր կողմից անդադար հիշատակվող Արցախի Հանրապետությունը»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:

Քաղաքականություն

Պատահարներ