Անդրանիկ Կարապետյանը պարգեւատրվեց ծանրամարտի աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալով

Անդրանիկ Կարապետյանը պարգեւատրվեց ծանրամարտի աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալով, բայց երկամարտում արդյունք չգրանցվեց:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում Կարապետյանը 175 կգ արդյունքով առաջատարն էր: 

Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոնը հաջողությամբ պոկեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 172 կգը՝ շրջանցելով բոլոր մրցակիցներին եւ նվաճելով այս քաշային կարգի փոքր ոսկե մեդալը: Հայաստանի մարզչական շտաբի որոշմամբ Կարապետյանը գնաց նաեւ երրորդ մոտեցման եւ հաջողությամբ պոկեց նաեւ 175 կգ-ոց ծանրաձողը՝ 4 կգ-ով առաջ անցնելով իրեն հետապնդող վրացի Ռեւազ Դավիթաձեին (171 կգ):

25-ամյա Կարապետյանը հրում վարժությունում զրո ստացավ եւ լքեց պայքարը: Առաջին մոտեցումից հետո Հայաստանի ներկայացուցիչը ոտքի մկանի վնասվածք ստացավ եւ երեք փորձերն էլ ձախողեց: Երրորդ փորձից հետո Կարապետյանին օգնեցին իջնել մրցահարթակից:

Սա Անդրանիկ Կարապետյանի 5-րդ ձախողումն է մեծ սպորտում:

Երիտասարդ ծանրորդի անհաջողությունները մրցահարթակում սկսել են Ռիոյի Օլիմպիական խաղերից, որտեղ պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը արմունկի կոտրվածք ստացավ: Հայաստանի ներկայացուցիչը փախողել է նաեւ 2018 թվականի աշխարհի առաջնությունը, 2019 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները: Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կազմում չնայած ընդգրկված էր, սակայն մրցահարթակ դուրս չեկավ: Ծանրորդին թույլ չտվեցին մասնակցել՝ կշռման արարողության ժամանակ սահմանված 81 կգ-ից շուրջ 200 գրամ ավելի լինելու համար:

Անհաջողությունը ծանրորդին ուղեկցեց նաեւ 2019 թվականին Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային), որտեղ 81 կգ քաշայինների պայքարում երկամարտում զրո ստացավ՝ ձախողելով հրում վարժությունը։

Քաղաքականություն