
Ի՞նչ են խոսել Ալեն Սիմոնյանն ու գերիների, անհետ կորած զինծառայողների հարազատները. Արսեն Ղուկասյանը մանրամասներ է հայտնում

Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը երեկ բերման ենթարկվածների թվում էր, իսկ բաժնից դուրս գալուց հետո մասնակցել էր Ագզային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, որը նախաձեռնել էր Սիմոնյանի մասնակցությամբ գերիների մասին աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո առաջացած բողոքի ցույցից հետո։ ArmDaily.am-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ հանդիպման ժամանակ Սիմոնյանն ասել է, որ տեսանյութը մոնտաժված է, դա ամբողջականը չի։ «Հանդիպման ժամանակ քննարկվել է իր խոսակցությունը, ասում է՝ դա մոնտաժված տեսանյութ է, դա ամբողջականը չի, դա ուղղակի բառակապակցություններ են վերցրել, կպցրել ու հրամցրել են մեզ։ Ես կոնկրետ ասում եմ՝ այս նախադասությունը դու ասե՞լ ես, ասում է ՝ հա, ասում եմ՝ դու էդ իրավունքը չունես։ Դու ոչ քննչական մարմին ես, որ ասես, ոչ եսիմ ով ես։ Դու ո՞վ ես, որ նման արտահայտություն անես։ Ես հենց իր երեսին՝ հենց այդ դահլիճում նայելով իր աչքերի մեջ, էն, ինչը ես հրապարակավ եմ ասում՝ նույնը իր երեսին եմ ասում,ասւոմ եմ հանկարծ չիմանաք, թե էստեղ ինչ-որ մեկիցդ վախենում եմ։ Ոչ մեկիցդ ասեցի չեմ վախենում ու չեք կարող էստեղ ինչ-որ մեկդ ինձ վախեցնեք»,-ասաց Ղուկասյանը։
Նա հավելեց, որ պահանջել է իր հարցի պատասխանն ու ասաց, որ տեսել է, որ Սիմոնյանը գրառումը է կատարել ու փորձում է այնպես ներկայացրել, իբր իրենք գնացել են, ինչպես Ղուկասյանն է ասում «հարիֆի» պես լսել են, գնացել են։ «Չէ, ինքը ներողություն է խնդրել։ Ես քո ներողությունը չեմ խնդրում, իր ներողությունը չի ընդունվում՝ կոնկրետ իմ անունից եմ ասում, ես չեմ կարող բոլորի անունից խոսել»,- նշեց անհետ կորածի հարազատը։
Արսեն Ղուկասյանը ասաց նաև, որ Ալեն Սիմոնյանը հայտարարաել է, որ ցանկացած գործուղման ժամանակ միջազգային այս կամ այն կառույցի ներկայացուիցչների հետ հանդիպման ժամանակ իր արժանապատվությունն էլ է պատրաստ մի կողմ դնել ու աղաչել, պաղատել, որ օգնեն գերիներին վերադարձնել. «Ասում է՝ մենք ուր գնում ենք, որտեղ մտնում ենք, որ պետական կառույց մտնում ենք, միջազգային տեղեր մտնում ենք, ասում է՝ մենք ամեն ինչ անում ենք, տո ես ինչ-որ տեղ իմ արժանապատվությունն էլ կդնեմ մի կողմ, այս պիջակը չի կամ էս ինչը չի, ասում է՝ ես կարամ էդ էրեխեքի համար, գերիների համար խնդրեմ, աղաչեմ, պաղատեմ, որ վերադարձնեն։ Ասում է՝ իրենք ասում ենք, որ քիչ են, ես ասում եմ հարյուր և ավել գերիներ կան ու ստիպում եմ, որ իրանք դա ընդունեն։ Պատկերացրիք չէ՞, այսինքն ինքը իբր էնքան սրտացավ է, ասում է, որ ինքն ամեն ինչ անում է, որ էս գերիներին տուն բերի, անհետ կորածների կարգավիճակը հստակեցվի, ասում է , որ ինքը էդ ամեն ինչի համար պատրաստ է քնել իրանց դռների դեմը՝ այդ բառերը հստակ հիշում եմ»։
Արսեն Ղուկասյանը նշում է, որ կողքից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես Սիմոնյանն իրենց ամենալավը կամեցողն է. «Էնպիսի տպավորություն է, որ ինքը մեր ամենալավը կամեցողն է՝ մենք ենք դեբիլ, չենք հասկանում»։ Ղուկասյանը հավելում է, որ խոսակցության ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իրենց, որ նախօրեին տասը վերադարձած գերիներից հինգ հոգու վրա քրեական գործ է հարուցված.«Մեզ ասում է՝ դուք տեղյակ եք, որ հինգ գերու վրա, չեմ հիշում կոնկրետ թիվը, քրեական գործ է հարուցված։ Ասում եմ՝ էդ ո՞ւմ մասին եք ասում, ասում է՝ էս վերադարձած»։
ԱԺ նախագահի այս հայտարարությանը Ղուկասյանը հակադարձել է, թե դա ի՞նչ կապ ունի իր կողմից արված գերիների մասին հայտարարության հետ։ «Էդ տղերքը արդեն գերի չեն, իրենց կարգավիճակն արդեն փոխվել է, իրանք արդեն ստեղ են, հարցնում եմ ինչի՞ ես դա ասում, սկսեց հիմար իրենց կռուտիտը, որ առաջին օրը չեմ տեսնում։ Իրենք պրոֆի են, բայց դա արդեն չի անցնում, կարող է առաջ մի քիչ միամիտ էինք, սրանց այս մանիպուլյացիոն խաղերի մեջ կարող է ինչ-որ տեղ չէինք հասկանում, մենք չգիտեմ ինչ չենք, որ հասկանայինք, բայց էս տարվա փորձը ցույց տվեց, որ էս մարդկանց բերանը դուզ խոսք չկա»,- ասաց Ղուկասյանը։
Անդրադառնալով գերեվարված ու անհետ կորած ծնողների միասնականությանը, նա նշեց, որ միշտ է ցանկացել, որ բոլոր ծնողները միավորված լինեն, քանի որ բոլորի վիշտը նույնն է, բայց հատուկ ինստիտուտներ կան կառավարության, իշխանությունների կողմից ստեղծված, որ կոնկրետ աշխատում են այդ ուղղության վրա։ «Իրենք ամեն հնարավորությունները օգտագործում են, որ ծնողների մեջ գցեն պառակտվածությունը, որ մեկը մյուսի հանդեպ անվստահություն ունենա, այսպես բաժանեցին։ Այն ժամանակ, եթե հիշում եք, որ հավաքվում էինք ՊՆ-ի մոտ, ինչքան էինք, այդպես արեցին, բերեցին հասցրին մեզ այս օրվան։ Որ մնացին հատուկենտ ծնողներ, որոնք որ պատրաստ են անգամ ինքնազոհության իրանց էրեխեքի համար»,-նշեց Ղուկասյան։
Նա նշեց, որ այս պահին ոչնչի չեն պատրաստվում, քանի որ որոշակի առողջական խնդիրներ են առաջացել։ Ղուկասյանը նշեց, որ իրեն դուր չի եկել որոշ ծնողների խոսելաոճը Ալեն Սիմոնյանի հետ արդեն հանդիպման ժամանակ.«Գիտեք ոնց՝ սենց մեղմ, պրն Սիմոնյան, ի՞նչ պարոն Սիմոնյան, նստել է, նայում է ձեր աչքերի մեջ, նայելով խաբում է, դուք՝ պարոն Սիմոնյան, եթե մարդը մի տեղ ասում է մի բան՝ ինքը պիտի ցանկացած տեղ էլ շարունակի։ Ոչ թե դուրսը կանգնես, ասես ես Ալենի սենցը՝ գնաս կանգնես Ալենի դեմքը ասես պարոն Սիմոնյան։ Ես ասեցի էդ ծնողին, որ դրսի խոսացածը ներսի խոսացածի հետ չբռնեց»։
Մեջ բերելով Սիմոնյանի խոսքերը, Ղուկասյանը նշում է, որ Սիմոնյանն արդարանալով ասել է, որ վստահել է, նախապես հարցրել, որ նկարում են, թե չէ, ինչին անհետ կորածի հարազատը նշում է, որ վերջինս Ազգային Ժողովի նախագահ է ու պետք է իմանա, թե որտեղ ինչ խոսի։ Ինչ վերաբերում է այդ հանդիպման ժամանակ եղած գաղտնի քննարկմանը, Ղուկասյանն ասաց, որ նման բան ինքը չի լսել ու նման բանից տեղյակ չէ։ «Միգուցե պահի տակ ես շեղված եմ եղել, չեմ լսել, բայց ես նման բան չեմ լսել»,- նշեց վերջինս։