Նախարարը՝ պատվաստվելու և օմիկրոն շտամով վարակվելու մասին

Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ պատվաստված և օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր կամ պատվաստանյութի արդյունավետության անկում չեն գրանցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ հետազոտությունները դեռ շարունակվում են և մեկ շաբաթվա ընթացքում ավելի ամփոփ տեղեկություններ կունենանք։

«Վերջին մեկ տարվա ընթացքում տեսնում ենք, որ պատվաստումները պաշտպանում են մեզ և անվտանգ են, որևէ արտառոց դեպք Հայաստանում չի գրանցվել, ինչն ամենակարևորն է»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով այս պահին Հայաստանում կորոնավիրուսի վարակելիության թվերը շարունակում են նվազել, և պետք է ամեն ինչ անել այդ նվազ ցուցանիշը պահպանելու համար։ Նախարարը կոչ արեց նաև պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Մեր օրական ցուցանիշները բավական գոհացուցիչ են, բայց պետք է վերգտնենք այն կորցրած ժամանակը, որ ունեցել ենք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Հարցին՝ հունվարի 1-ի ուժի մե՞ջ է մտնելու հանրային սննդի, ժամանցի վայրեր պատվաստման թղթով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով այցելելու պահանջը, նախարարն ասաց, որ այդ առաջարկն այս պահին քննարկման փուլում է։

«Կառավարությունն ընդհանուր քննարկման արդյունքում հավանություն կտա որոշման փոփոխությանը»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

Քաղաքականություն