
ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքը. Աղաջանյան

Խնդրահարույց ենք համարում Արցախում խաղաղ բնակչի սպանությունը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Այն բոլոր գործընթացները, որոնց ՀՀ-ն մասնակից է, առաջին հերթին միտված են, որ նմանատիպ դեպքերն օր առաջ, ժամ առաջ դադարեն, որ իրական դեէսկալացիա տեղի ունենա և որ նման դեպքերն այսուհետ բացառվեն։ Սա ՀՀ կառավարության առաջնային նպատակն է, որի համար բոլոր հնարավոր գործիքակազմներն օգտագործվում են։ Բոլոր ձևաչափերով հանդիպումների առաջնային և կարևորագույն քննարկման առարկան հանդիսանում է ՀՀ-ի թե՛ սահմանային անվտանգությունը և անխախտելիությունը, թե՛ մեր քաղաքացիների անվտանգությունը»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչու ՀՀ-ն պաշտոնապես չի ասում, որ պաշտոնյաների այցերն Արցախ լինելու են, որովհետև դա հայկական տարածք է, և Ադրբեջանը չի կարող նման պահանջ դնել, Էդուարդ Աղաջանյանը նկատեց՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե պետք է ՀՀ-ն հայտարարություններ տարածի, որոնք որոշ հանրային շրջանակների կողմից ընդունելի կամ ցանկալի ձևակերպումներ ունենան։
«Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայտարարություն յուրաքանչյուր կառավարող ուժի կողմից հղի է կոնկրետ հետևանքներով, և ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքը»,-ասաց պատգամավորը։