«Չենք կարողանում Արցախ զանգահարել»․ ադրբեջանցիները մեկուսացնող սարքե՞ր են օգտագործում

Արցախ զանգ կատարել չի հաջողվում։ Auroranews- ն արդեն մի քանի օր է ՀՀ քաղաքացիներից նման ահազանգ է ստանում։

 

Հասկանալու համար, թե ահազանգերը որքանո՞վ են հավաստի, խնդիրը լուծում ստացել է, թե՞ ոչ՝ փորձեցինք կապ հաստատել Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ, սակայն ապարդյուն։ Սկզբում նույնիսկ զանգ չէր գնում, իսկ հետո զանգն արագ ընդհատվում էր, կամ խոսակցի ձայնը լսելի չէր լինում։ 

 

Հիշեցնենք՝ դեռևս դեկտեմբերի 5-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։

 

«Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով»,-գրել էր Արցախի մարդու իրավունքերի պաշտպանը:

 


Auroranews-ը ճշտումներ կատարելու նպատակով կապ հաստատեց «Ղարաբաղ տելեկոմ»  ընկերության աշխատակիցների հետ։ Հարցին, թե խնդիրը լուծելու համար համապատասխան աշխատանքներ տարվու՞մ են՝ նշեցին, որ աշխատում են այդ ուղղությամբ։ 

 

Ընկերությունից հրաժարվեցին բանավոր տարբերակով այլ մանրամասներ հայտնել և հղում արեցին ԱՀ ՄԻՊ-ի վերոնշյալ հայտարարությանը։ 

 

Մեզ հետ զրույցում Արցախի նախագահի անվտանգային և փախստականների հարցերով խորհրդական Վահան Բադասյանն ասաց, որ հավանաբար ադրբեջանցինների կողմից մեկուսացնող սարքեր են օգտագործվում, բայց ընկերությունն այժմ գործողություններ է իրականացնում խնդիրը լուծելու համար։

Քաղաքականություն