Առուշանյանը չի փորձում տրամաբանություն գտնել կատարվածում. պաշտպանը՝ կեղծ ցուցմունքի մասին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում երեկ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց նախաքննական մարմնին տված ցուցմունքից, պնդեց, թե Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք է տվել։ 

 

ArmDaily.am-ի հետ զրույցում Առուշանյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դուրս եկավ այն ինչ պաշտպանական կողմը ասում էր՝ Լուսինե Ավետյանի ցուցմունքներն արժանահավատ չեն և սուտ են։

 

«Դա նաև փաստվեց դատական քննության ժամանակ, երբ ինքը խոստովանեց, որ սուտ ցուցմունք է տալիս։ Ամենակարևորը այստեղ այն է, որ Լուսինե Ավետյանը նաև պատճառաբանել է, թե ինչու է ինքը սուտ ասել՝ նա խուսափում էր կալանավայրում գտնվելուց և ամեն ինչ արել է, որպեսզի կալանավայրից դուրս գա, և գիտակցելով, որ Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալով՝ նա դուրս կգա, ու ճիշտ, փաստացի է եղել իր կանխատեսումները։ Այսինքն՝ տիկին Ավետյանի պատճառաբանությունը այդ մասով շատ հստակ է, և ևս մեկ անգամ հաստատվեց մեր ասածները, որ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունքի հիման վրա հարուցվել է ապօրինի քրեական հետապնդում, և այդ սուտ ցուցմունքի հիման վրա վերջինս 5 ամիս է՝ անազատության մեջ է գտնվում»,- ասաց Ալեքսանյանը։

 

Դատաքննությունը ավարտվել է Լուսինե Ավետյանի ցուցմունքով։ Պաշտպանն ասաց, որ հաջորդ դատական նիստին անցնելու են մյուս ապացույցների հետազոտմանը։

«Մենք մոտ 6 վկա ունենք, որոնց պետք է հարցաքննենք։ Թե դրանից հետո պաշտպանական կողմն ինչ կանի՝ մարտավարական հանգամանքներից ելնելով՝ այս պահին չեմ կարող ասել»,- նշեց պաշտպանը։

Հարցին՝ հաշվի առնելով Ավետյանի մեկ անգամ արդեն սուտ ցուցմունք տալը՝ որքանով արժանահավատ կարող ենք համարել նրա մյուս ցուցմունքները, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Նախաքննության ընթացքում Ավետյանը 6 անգամ ցուցմունք է տվել, դատաքննության ժամանակ 1 ցուցմունք տվեց, ընդհանուր գործ ունենք 7 ցուցմունքների հետ։ Հիմա դատարանը հետագայում քննության ավարտման փուլում խորհրդակցական սենյակում որոշում կայացնելու ժամանակ պետք է բոլոր 7 ցուցմունքները գնահատի և հասկանա, թե ի վերջո՝ որն է դրանցից արժանահավատ, և դրա վերաբերյալ համապատասխան որոշում կկայացնի։ Թե ինչպես կգնահատի դատարանը, որը արժանահավատ կդիտարկի, իսկ որը՝ ոչ, ես չեմ կարող ասել»։

Ինչ վերաբերում է Առուշանյանին՝ պաշտպանը նշեց, որ նա իրեն շատ լավ է զգում, շատ պինդ է և ուժեղ։

«Իր կարծիքն այս ամեն ինչի վերաբերյալ շատ հստակ է՝ նա գիտի, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում, հետևաբար այն, ինչ կատարվում է, նա չի էլ փորձում տրամաբանություն գտնել»,- ասաց պաշտպանը։

Քաղաքականություն