
Աջափնյակում մետրո ունենալը՝ լոկ երազանք․ Դավիթ Խաժակյան

Քաղաքապտարանը, վերջերս, հայտարարություն տարածեց, որ Երեւանի մետրոյի նոր՝ Աջափնյակի կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։
Սակայն պարզվում է, որ միայն մրցույթ կազմակերպելն ու հաղթելը, դեռ քիչ են, որպեսզի կառուցվի Աջափնյակի կայարանը։
Ինչպես Երևան քաղաքի Լույս խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է պնդում՝ մեր օրենսդրությունը թույլ է տալիս, որ մրցույթ անցկացվի առանց նախագծի ֆինանսական մասի։
«Մեր օրենսդրությունը թույլ է տալիս հայտարարել մրցույթ, ճանաչել հաղթող, սակայն նախատեսված միջոց չունենալ և քաղաքապետարանն ասում է, որ առանց Կառավարության ֆինանսավորման այս ծրագիրը իրագործելի չէ և միայն նախագծման համար անհրաժեշտ է 500 միլիոն դրամ, որը Կառավարությունը դեռևս չի հատկացրել, և ես խիստ կասկածում եմ, որ կհատկացնի»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը։
Ըստ Խաժակյանի՝ այս ամենին հետևելու են տասնյակ միլիոն դրամների ներդրման անհրաժեշտություն, ուստի ակնհայտ է, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարման ժամկետը կավարտի առանց մետրոպոլիտենի՝ Աջափնյակի կայարանի կառուցման համար մեկ քար դնելու։
«Այս մոլորությունները, աշխատանքի իմիտացիան, իսկապես իմիտացիա է, որովհետև եթե չկան բուն կառուցման միջոցները, ուզում ես տասնյակ նախագծերի մրցույթներ հայտարարի»,-ասաց նա։
Անդրադառնալով առհասարակ Հայկ Մարությանի նախընտրական խոստումներին կապված վերելակների փոփոխման և տրանսպորտի բարելավման խոստումներին՝ Խաժակյանն ասաց․ «Արձանագրենք, որ ունենք շուրջ 600 վերելակի տեղադրում, որը սակայն ընդանուր վերելակային ֆոնդի մեջ փոքր տոկոս է կազմում։ Երևանում ներկայումս կա 4700 վերելակ, որոնց մեծ մասը ենթակա են փոխարինման փոխարինել ընդամենը 600 վերելակ չի նշանակում, որ հիմնախնդիրը լուծվել է»,-ասաց Խաժակյանը։
Դավիթ Խաժակյանի խոսքով՝ իրենք միշտ նշել են, որ վերելակների հիմնախնդրի լուծումը, առանց դրանց սպասարկման նորմալ մեխանիզմների ներդրման, գումարների վատնում է և այդ վերելակները ուշ թե շուտ խափանվելու են և հասնեն նույն վիճակին, ինչ վիճակում այսօր են։
«Տրանսպորտի հարցով հետևալն է պատկերը՝ կա 211 փոխված ավտոբուս, որոնց մասին հայտարարվեց, ևս 100 մեծ ծավալի, մեծ տարողության՝ 12 մետրանոց ավտոբուս պետական վարկի միջոցով նախատեսվում է ձեռք բերվել, եթե սրան գումարենք եղած ավտոբուսներն ու գազելները էլի որոշ ծավալ պակասելու է, և քաղաքապետարանն այս մասով ցանկանում է մասնավոր ներդրողի ներառել»,-նշեց նա՝ հաելելով, որ գուցե հասցնեն դա անել 2022-2023 թվականին, դա իրագործելի է։
Ըստ նրա, եթե այդ բոլոր ավտոբուսները միավորեն և ներդնեն միասնական համակարգում, գոնե կարող ենք ասել, որ այդ բարեփոխումը 5 տարվա մեջ կա։
«Ես այն կարծիքին չեմ, որ դա իրագործելի չէ, երևի թե երկու տարին բավարար ժամանակ էր ավարտին հասցնելու համար»,-եզրափակեց Խաժակյանը։