
Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել. Դավիթ Սանասարյանը նույնպես ծանուցում է ստացել

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկ գիշեր՝ ժամը 02։00-ին, Apple-ի threat-notifications մեյլով հաղորդագրություն է ստացել այն մասին, որ հարձակում են իրականացնում իր հեռախոսի վրա։
«Երեկ գիշեր ժամը 2-ին Apple-ի threat-notifications մեյլով ստացա հաղորդագրություն այն մասին, որ հարձակում են իրականացնում հեռախոսիս վրա։ Հիմա հարց. պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։
Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։
Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը չէ։
Հ.Գ. Զավեշտալի է, որ ԱԱԾ նախկին սպաների միությունը դատապարտում է մարդու իրավունքները ոտնահարող գաղտնալսման փորձերը, ինչպես կասեր ձեր իմաստուն կոլեգան՝ իյա, իրո՞ք»,- գրել է Սանասարյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռախոսի վրա հարձակման մասին ծանուցում է ստացել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ Pegasus-ը վիրուս է, և պաշտոնապես Հայաստանը չի ճանաչել, որ այն գնել է, թեև կարող է գնել և չհաստատել, քանի որ ԱԱԾ–ի գնումները բաց չեն։
Իր խոսքով՝ առնվազն մի քանի մարդ ստացել է այդ նամակից։ Google-ը, Apple-ը և մի շարք այլ կազմակերպություններ ունեն ծրագիր, որով, եթե հայտնաբերում են, որ կա պետական հաքերային հարձակում, ապա նախազգուշացնում են։
Ըստ փորձագետի՝ կոնկրետ հայաստանյան դեպքերը պետք չէ մտածել, որ Ադրբեջանի կողմից են եղել։ Միաժամանակ, հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում, ավելին՝ ընկերությունն անգամ կարող է չիմանալ՝ որտեղից է եղել կիբերհարձակումը, որովհետև հաքերը քողարկվում է: