Հետընտրական ծեծկռտուք Մեղրիում․ Hraparak

Կիրակի օրը Մեղրիում ծեծկռտուք է տեղի ունեցել․ համայնքի նորանշանակ ղեկավար Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին, որն այս պահին Մեղրիի բժշկական կենտրոնում է։ Աթանեսյանի հեռախոսին երեկ պատասխանեց ոմն Վահե՝ ներկայանալով որպես Աթանեսյանի ընկեր, տեղեկացրեց, որ Աթանեսյանը խոսել չի կարողանում, դեմքի եւ գլխի շրջանում վնասվածքներ ունի, ցավազրկողների ազդեցության տակ քնած է։ Ընկերը հաստատեց ծեծկռտուքի փաստը, սակայն այլ տեղեկություն չցանկացավ հայտնել, ասաց՝ ո՛չ պատճառների, ո՛չ միջադեպի մասին այլ մանրամասներ չգիտի։ «Հա, իր ընկերն եմ, բայց կողքը չեմ եղել էդ պահին, չեմ կարող սուտ բաներ ասել։ Հիմա էլ քնած է, ներարկիչ են ներարկել, քնած է»,- ասել է Աթանեսյանի ընկերը, գրում է Hraparak.am-ը։ 


Մեղրիի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածքային կառույցի պատասխանատու Արարատ Թումանյանը երեկ լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Արթուր Աթանեսյանին ստիպել են աշխատանքից ազատվելու դիմում գրել, իսկ նա հրաժարվել է։ Համայնքապետն էլ սպառնացել է Արթուրին։ Կիրակի օրը Վահրավարի իր հողամասում այգեգործական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ համայնքապետի եղբայրը՝ Եղիշե Զաքարյանը, հորեղբոր թոռը՝ Վարդան Զաքարյանը, եւ մեկ այլ ազգական՝ Լիբիկ Օհանյանը, հարձակվել են Արթուրի վրա։ 

Մենք տեղեկացանք, որ Արարատ Թումանյանն էլ դիմել է ոստիկանություն, թեպետ հայտնել է, որ Արթուր Աթանեսյանի մտերիմ ընկերը` Ագարակի վարչական շրջանի նախկին ղեկավար Գեւորգ Առաքելյանն է ականատես եղել դեպքին, բայց հրաժարվում է վկայություն տալ՝ պատճառաբանելով, թե շատ հեռու է եղել։ Ո՛չ Թումանյանի, ո՛չ Գեւորգ Առաքելյանի հետ մեզ խոսել չհաջողվեց։ Նշենք միայն, որ տուժող Արթուր Աթանեսյանը կոմունալ բաժնի պետ է նշանակվել Արարատ Թումանյանի՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում։ Մինչ այդ աշխատել է կոմբինատում, սակայն «հեղափոխական» վարքագծի պատճառով կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ ու ազատվել աշխատանքից, հետո Մեղրու մաքսակետում «կլադիշավոր» է աշխատել, սահմանից բեռներ է տեղափոխել, իսկ երբ իշխանությունը կալանավորեց Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին եւ ԺՊ նշանակեց Թումանյանին, նա տեղափոխվել է համայնքապետարան՝ կոմունալ բաժնի պետի պաշտոնում։

 

Արթուր Աթանեսյանը երեկ մինչեւ երեկո դեռեւս ցուցմունք չէր տվել ոստիկանությանը, ի վիճակի չի եղել, մինչ կպարզաբանի եղելությունը, Մեղրիում ծեծկռտուքի մասին այլ վարկածներ էլ են պատմում։ Թե, իբր, նախընտրական շրջանում Բագրատ Զաքարյանի հակաքարոզչությամբ է զբաղվել, Զաքարյանի անձը վիրավորող գրառում արել, ինչպես նաեւ համայնքում հայտարարել, որ Զաքարյանը շարքային դասալիք է, մարտի դաշտը թեժ պահին լքել է։ Իշխանություն ստանձնած Զաքարյանն էլ որոշել է հաշվեհարդար լինել։ 

Նորընտիր համայնքապետ Զաքարյանն էլ չցանկացավ պարզաբանումներ տալ։ «Նման հարցերով ես հիմա չեմ ուզում ոչինչ ասել, խիստ ծանրաբեռնված եմ աշխատանքային առօրյայով, թող նմանատիպ հարցերով զբաղվեն իրավապահ մարմինները, ինձ ամեն օր շատ բան կարան վերագրեն։ Վերջ»,- ասել է նորաթուխ պաշտոնյան ու անջատեց հեռախոսը։


Հիշեցնենք, որ Բագրատ Զաքարյանը համայնքապետ է ընտրվել նոյեմբերի 11-ին։ Նա «Հանրապետություն» կուսակցության ցուցակով է առաջադրվել՝ ստացել է 6 մանդատ։ Այս կուսակցության հետ հուշագիր ստորագրեց Ազատական կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը(այս կուսակցությունը  2 մանդատ է ստացել)։ Կառավարող ուժը ստացել էր 5 մանդատ, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 2։ ՔՊ-ն այստեղ ընդդիմություն է։ Ազատականի ներկայացուցիչ, փոխքաղաքապետ Խաչիկ Անդրեասյանն էլ մեզ ասաց, որ դեպքից մանրամասներ չգիտի, քաղաքում չի եղել, երբ իմանա, կխոսի։

 

Auroranews-ին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ ոստիկանությունում հաղորդում կա, տուժած քաղաքացին հիվանդանոցում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: 

 

Քաղաքականություն