«Ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ կան». քաղաքագետը` ընդդիմադիրներին
Բավական է խոսել, ամբողջ ընդդիմադիր դաշտն իրենց առաջնորդներով կողք կողքի պետք է կանգնեն։ «Փաստինֆո»-ի եթերում այս մասին ասել է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը` ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին ներկայացնելով իր առաջարկները։
«Իշխանություններին խելքի բերելու համար պետք է ընդհանրապես ԱԺ նիստերին չմասնակցել, այդ թվում նաև հանձնաժողովների նիստերին։ Պետք է հրաժարվել բոլոր պաշտոններից։ Դրանք շահարկումներից բացի ոչինչ չի տալիս»,-ասաց քաղաքագետը։
Վերջինս ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում է նաև կասեցնել բոլոր միջազգային կառույցների անդամակցությունները, քանի որ նրանց ամենաակտիվ տեսակն արգելանքի տակ է և իրավունք չունեն Հայաստանից դուրս գալ։
«Պետք է կասեցնեն իրենց անդամակցությունը, քանի դեռ քաղաքական բացահայտ հետապնդումը պատգամավորների նկատմամբ չի վերացվել։ Այսօր կալանավորված պատգամավորներ ունենք։ Եվ հրավիրել խորհրդարանական լսումներ, որ կարևոր հարցերն այդպես քննարկվեն։ Նրանք թող հավաքվեն ու առանձին նիստեր անեն։ Օրինակ` առաջին նախագծերից մեկն այն կլինի, որ արգելեն առաջին բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին Հայաստանը լքել 5 տարվա ընթացքում»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Քաղաքագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ կան, պարզապես բանականություն, քաղաքական հոտառություն ու պրոֆեսիոնալիզմ է պետք ընդդիմադիր դաշտին։