ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ շուրջ 41 քառ. կմ ինքնիշխան տարածքը. Նիկոլ Փաշինյան
«Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական․ սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս մասին ԱԽ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր՝ ժամը 13:00-ի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են գործադրել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելել է. «Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական. սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք:
Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է. Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը, մեր անկախությունը:
Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով:
Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ ընդունել՝ հասցեական հայտարարություններ։ Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ՝ Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վճռական են և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։
Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։
Վերադառնալով սահմանային իրադրությանը, ասեմ, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-Ադրբեջան ղեկավարների շփումները պետք է ավելի հաճախ լինեն, որ փորձենք խուսափել ճգնաժամերից. Փաշինյան
ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանագահների ֆորմատով։ Մենք մեր պատրաստակամությունն են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ հարցով եռակողմ հանդիպումը կառուցողական էր. Պուտին
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բան...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...