![Լուրեր կան, որ հնարավոր է երկու երկրների միջև օրերս հերթական փաստաթղթերը ստորագրվեն. Օհանյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/a28e281a0a9f898c63883ce835bf776e.webp)
Լուրեր կան, որ հնարավոր է երկու երկրների միջև օրերս հերթական փաստաթղթերը ստորագրվեն. Օհանյան
![Լուրեր կան, որ հնարավոր է երկու երկրների միջև օրերս հերթական փաստաթղթերը ստորագրվեն. Օհանյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/a28e281a0a9f898c63883ce835bf776e.webp)
Պետք է գնահատականներ տանք ու դրա արդյուքնում հասկանանք՝ որոնք են այն ռազմավարական կարևոր ուղղությունները, որոնց միջոցով պետք է փորձենք դուրս գալ այս բարդ իրավիճակից։ Այս մասին քիչ առաջ «Քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» խորագրով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպումը, նշենք, նախաձեռնել է «Հայաստան» դաշինքը,գրում է Հրապարակը։
«Այս մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկեին ռազմավարական վերանայում իրականացնելու համար ու դրա շնորհիվ գնահատեին նաեւ անվտանգության միջավայրը, ներքին ու արտաքին սպառնալիքները։ Սակայն այս իշխանությունները ունենալով բոլոր հնարավորությունները, ամբողջ գործիքակազմը այն չեն իրականացրել։ Հիմա մենք ստիպված ենք դա իրականացնել, չնայած նրան, որ նորից եմ ասում , պետությունը պիտի դա աներ։ Մանավանդ ուժային կառույցները դա պիտի անեին ու նաեւ դրանում մեզ ներգրավեին, բայց հիմա փաստորեն ներքևից է այս պրոցեսը գնում։ Մենք այս նախաձեռնության ընթացքում նորից տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունները չեն էլ փորձում ընդգրկվել այս պրոցեսի մեջ ու ի վերջո իմ նշած այդ գնահատականը տան։ Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր ճնշումները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի նկատմամբ։ Ճնշումներ ՀՀ տարածքով միջանցք բացելու համար, չնայած նրան, որ իրենք ասում են ճանապարհների ապաշրջափակում , բայց մենք հասկանում ենք , որ սա բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման», - ասաց Օհանյանը։
«Այս իշխանությունները 2020 թվականին ջարդելով մեր ժողովրդի դիմադրողականությունը, խաբելով նրան, բերեցին մեզ կապիտուլյացիայի։ Հիմա այն խոսակցությունները, որը հնարավոր է երկու երկրների միջեւ օրերս հերթական փաստաթղթերը ստորագրվեն, այդ փաստաթղթերը վերջնականապես ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը։ Մենք՝ «Հայաստան» դաշինքը միջոցներ են ձեռնարկում այս մասով։ Միջոցներ նաեւ գործնական առումով և դրանք անպայման կարտահայտվեն մեր այն հանրահավաքում, որը պիտի տեղի ունենա ամսի 8-ին։ Ոչ Հայաստանի թուրքացմանը, ոչ Արցախի հայաթափմանը», - հավելեց ՊՆ նախկին նախարարը։