Երևանում աղմկահարույց սպանության գործով 20-ամյա կասկածյալը կալանավորվել է, նրա հայրն ու եղբայրը բաց են թողնվել. Shamshyan. com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Յոլչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ի, 20-ամյա Հայկ Ա-ի և 22-ամա Նարեկ Ա-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տաթևիկ Մուրադյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մասամբ է բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց կալանավորման որոշում է կայացրել Հայկ Ա-ի նկատմամբ։

Վերջինս կասկածվում է նոյեմբերի 1-ին Երևանում ինքնաձիգով կրակոցներ արձակելու և Խաչատուր Սահակյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։

Մյուս կասկածյալները, ովքեր նրա հայրն ու եղբայրն են, բաց են թողնվել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ա-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan .com-ի տեղեկություններով՝  «Երեքը՝ Սյունիքում, չհաշված՝ զենքը» օպերացիայի արդյունքում Սյունիքի մարզում վնասազերծվել էին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ՝ 42-ամյա Վրեժ Ա-ն, 20-ամյա Հայկ Ա-ն, 22-ամյա Նարեկ Ա-ն։  

Վերջիներս բերման էին ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, ովքեր կասկածվում էին նույն օրը Երևանում, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ նույն փողոցի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանի հետ վիճաբանելու մեջ։  Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Հ. Ա-ն իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով էլ Խաչատուր Սահակյանը հրազենային վնասվածքներ էրստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել էր։  

Կասկածյալները ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել էին։  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Հ. և Ն. Ա-երն ազգականներ են։

Քաղաքականություն