
Ադրբեջանը միջազգային հանրության առջև նսեմացնում է Հայաստանի միջազգային հեղինակությունը. պատգամավոր

Մեր կողմից մերժել են ցանկացած առաջարկություններ, որոնք կարմիր գծերը հաղթահարելու տեսք են ստանալու,- Խորհրդարանական ճեպազարույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ընդդիմության առաջարկած Արցախի մասին հայտարարությանը, որը չընդունվեց խորհրդարանական մեծամասնության կողմից։ Մինասյանը նշեց, որ առնվազն մեկ օր ուներ մեծամասնությունը՝ առաջարկություն ներկայացնելու համար։
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հայտարարության մեջ մի քանի կարմիր գիծ կար։ Առաջինն այն է, որ տեղի է ունեցել ոչ միայն միջազգային հանցագործություն Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլև Արցախի տարածքի օկուպացիա է տեղի ունեցել։ ՀՀ տարածք ադրբեջանական ԶՈՒ-երի ներթափանցում է տեղի ունեցել և ամրաշինական աշխատանքների հստակ փորձ է կատարվում։
«ՀՀ որևէ իշխանություն, որևէ պաշտոնատար անձ չի կարող բանակցել գրավոր կամ բվանավոր համաձայնություն տալ հակառակ 1992 թվականի հուլիսի 8-ի ԱԺ որոշման, որով արձանագրված է, որ որևէ ձևով ՀՀ-ի համար անընդունելի է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում տեսնելը և ՀՀ-ն պետք է ապահովի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։ Նաև այն, որ չի կարող ՀՀ-ի տարածքի որևէ փոփոխություն տեղի ունենալ առանց հանրաքվեի»։
Մինասյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ միջազգային գործողություններ պետք է ձեռնարկեն՝ դատապարտման և միջազգային հետապնդման պատասխանատվության ենթարկելու առումով, քանի որ առ այսօր Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները բռնի անհետացածների և գերիների մասով։ Ադրբեջանը նաև միջազգային հանրության առջև միակողմանիորեն խեղաթյուրված տեղեկություններ է հաղորդում՝ նսեմացնելով ՀՀ-ի միջազգային հեղինակությունը։
Մինասյանը հիշեցրեց, որ Կառավարությունը ենթակա է վերահսկողության խորհրդարանի կողմից։
«Դա իրականում զենք է նաև գործադիր իշխանության ձեռքին, որպեսզի եթե ինքը ցանկանում է հայ ժողովրդի շահերը պաշտպանի՝ օգտագործի զենքը, բայց մենք տեսանք, որ քաղաքական մեծամասնությունը փորձեց սա բերել իբր քաղաքական երանգավորման տիրույթ ու հրաժարվեց միանալուց»։ Պատգամավորը հավելեց, որ դրան Ադրբեջանական ԶԼՄ-ները անդրադարձան՝ ի վնաս հայ ժողովրդի։
Խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հավելեց, որ այդ հայտարարության տեքստը երկար ժամանակ գտնվել է քաղաքական մեծամասնության մոտ, քննարկել են ու որոշակի հարցեր են ունեցել։ Եթե ցանկություն ունեին ընդունելու՝ կարող էին քննարկել ընդդիմության հետ ու ընդունել հայտարարությունը։