Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգված է Դոնբասում Bayraktar-ի կիրառման կապակցությամբ
Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում ուկրաինական բանակի կողմից թուրքական Bayraktar անօդաչու սարքի կիրառման մասին տեղեկատվությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների աճող ինտենսիվությամբ, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրերով արգելված ծանր սպառազինության ավելի հաճախակի կիրառմամբ, ինչպես նաև ուկրաինական բանակի գլխավոր շտաբի հաղորդագրությամբ Bayraktar հարվածային անօդաչու սարքի կիրառման մասին», – մեջբերում է գործակալությունը դիվանագետի խոսքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել էր տեղեկությունը, որ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք: