
Ինչպես է հաշվարկվելու ուսուցիչների հավելավճարը. նախարարը մանրամասնում է

Նախարարի ներկայացրած տեղեկատվությամբ` կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցչից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996-ը, ինչը դիմած ուսուցիչների 72,6 տոկոսն է: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը` 468 անձ, ըստ ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30-50 տոկոս հավելավճար:
Կամավոր ատեստավորումն անցկացվել է 7-12-րդ դասարաններում՝ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները:
Կամավոր ատեստավորման արդյունքում տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում մաթեմատիկայի ուսուցիչներն են (հավելավճարի իրավունք է ստացել մասնակիցների 87 տոկոսը), երկրորդ տեղում՝ ֆիզիկայի (հավելավճարի իրավունք` 56 տոկոսը), իսկ երրորդ տեղում հայերենի (հավելավճարի իրավունք` 41 տոկոսը) ուսուցիչներն են: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են «Քիմիա» եւ «Աշխարհագրություն» առարկաներից` համապատասխանաբար, 11 եւ 20 տոկոս:
«Ուսուցչի միջին աշխատավարձը մեկ դրույքի համար կազմում է մոտ 125 հազար դրամ: 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցչի աշխատավարձը, այսպիսով, կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս հավելավճարի բարձրացումը կկազմի 50 հազար դրամ, իսկ 50 տոկոս հավելավճարի պարագայում բարձրացումը կկազմի մոտ 62 հազար դրամ»,- նշել է Վահրամ Դումանյանը, ում ուսուցչական համայնքը հակադարձել է, այդ թվում՝ նախարարության էջում, նշելով, որ ուռճացված թվեր են ներկայացված։ «Ասում եք՝ ուսուցչի միջին աշխատավարձը մեկ դրույքի համար կազմում է մոտ 125 հազար դրամ: Լսողներն էլ կարծում են, թե ուսուցիչներն ամսական 125 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Բայց չեք ասում, որ առանց պահումների. դրանից հանեք 23,8 տոկոս պահումներ, տեսնենք քանի՞ հազար կմնա: Բացի այդ, ոչ բոլոր դպրոցներում է 125 հազար (օրինակ՝ մեր դպրոցում մոտ 117 հազար է), ու յուրաքանչյուր դպրոցում մեկ դրույք, այսինքն՝ շաբաթական 22 դասաժամ ունեն մի քանի ուսուցիչներ: Փաստորեն, կամավոր ատեստացիայի արդյունքում ուսուցիչների մեծ մասի ստանալիք հավելավճարը կազմելու է մոտավորապես 18 000-30 000 դրամ: Ձեր ներկայացրած թվերը բոլորովին իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է օգտատերերից մեկը։
Տեղեկացանք, որ հայոց լեզվի հարցաշարը բաղկացած է եղել 30-ից ավելի կետից՝ մոտ 10 ենթակետով։ ԳԹԿ-ի կազմած ատեստավորման թեստերն այնքան բարդ չեն եղել, որքան՝ ծավալուն։ Մասնակիցները բողոքել են, որ հատկացված 3 ժամը չի բավականացրել՝ թեստին պատասխանելու համար։ Անկախ ատեստավորման արդյունքներից՝ բոլոր ուսուցիչները միակարծիք են մի հարցում․ թեստով չես կարող որոշել, թե որ ուսուցիչն է լավը եւ արժանի հավելավճարի, եւ որը՝ ոչ։ Զրուցակցիս կարծիքով, ուսուցչի ամենաճիշտ ատեստավորումը դասարանում է, երբ գան-տեսնեն, թե ինչպես է նա դաս վարում, արդյոք աշակերտները լսո՞ւմ են նրան, թե՞ ոչ։ Իսկ շատ հաճախ ատեստավորում անցած ուսուցիչներն ի զորու չեն լինում դասարան «պահել»։
Ատեստավորման արդյունքները հրապարակելուց հետո ուսուցչական համայնքը բարձրաձայնեց, թե ինչու չեն առանձնացնում շեմը հաղթահարածներին, որոնք հավելավճար չեն ստանա, եւ նրանց, ովքեր հաղթահարել են շեմը եւ հավելավճար կստանան։ «Դա, հավանաբար, արվում է նրա համար, որ ցույց տան, թե ավելի շատ մարդու է գումար տրվելու, եւ ծրագիրն էլ կայացած համարեն։ Չի հստակեցվում՝ դրույքի տոկոսո՞վ է հաշվվում, թե՞ աշխատավարձի։ Շատ քչերը կլինեն, որ մի դրույք-դասաժամ ունեն։ Համակարգը փոխելու համար պետք է ուսուցչին շահագրգռել, ոչ թե 120-130 հազար դրամը համարեն բարձր աշխատավարձ։ Սահմանեք 300-400 հազար դրամ աշխատավարձ ու կամավոր ատեստացիա՝ 80-90% մասնակցություն կլինի։ Համոզված եմ։ Եվ գիտելիք ու հմտություն պահանջեք, ոչ թե մանիպուլյատիվ կարողություններ»,-նշել է ուսուցիչներից մեկը։
ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական եւ արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Սուսաննա Ազատյանը մեր հարցին, թե ինչ է լինելու բավարար շեմը չհաղթահարած մասնակիցների հետ, որ կազմում է կեսից ավելին, ընդգծեց․ «Կարգով նախատեսվում է, որ նրանք, ովքեր չեն հաղթահարել շեմը, գալու են 2022թ․ պարտադիր ատեստավորմանը, բայց, հաշվի առնելով, որ սա փորձնական փուլ էր, կարգում փոփոխություն է եղել եւ այդ շեմը չհաղթահարած մասնակիցների վրա որեւէ ազդեցություն չի ունենալու, այսինքն՝ կարգի այդ կետն ուժի մեջ կմտնի 22թ․ հունվարից, իսկ դա նշանակում է, որ որեւէ հետեւանք չի ունենալու նրանց վրա։ Նրանք մնալու են աշխատելու իրենց աշխատավայրերում եւ ստանալու են այն աշխատավարձը, որ հիմա ստանում են։ 0-59 տոկոսի մասին է խոսքը, իսկ 60-69 տոկոսը, որոնց համար հավելավճար էլ չէր նախատեսված, կհամարվեն ուղղակի ատեստավորված։ Այսինքն` աշխատավարձի հավելում չի լինի, բայց պարտադիր ատեստավորման ենթակա էլ չեն լինի հաջորդ տարի։ 70-79 տոկոսը ստանալու է 30 տոկոս հավելավճար, 80-89 տոկոսը՝ 40 տոկոս, իսկ 90-100-ը՝ 50 տոկոս հավելավճար»։ ԿԳՄՍ ներկայացուցիչը նշեց, որ կամավոր ատեստավորման արդյունքում աշխատանքը կորցնող ուսուցիչներ չեն լինի։
Դրույքի տոկոսո՞վ է հաշվվելու հավելավճարը, թե՞ աշխատավարձի։ Ազատյանն ասում է․ «Գործող աշխատավարձի նկատմամբ են սահմանում հավելավճարները, դա, ի դեպ, աշխատանքային օրենսգրքով է սահմանված, որոշումները դեռ կլինեն, հիմա քննարկումներ են ընթանում, որովհետեւ բողոքարկման փուլն էլ ամփոփված չէ, բավականին շատ վիճելի հարցեր կան։ Իսկ հավելավճարն աշխատավարձի նկատմամբ է սահմանվելու, օրինակ` եթե ուսուցիչը 22 ժամ ունի, այդ 22 ժամի նկատմամբ է սահմանվում հավելավճարը, եթե ստանում է 125 հազար դրամ, 50 տոկոսի դեպքում կստանա մոտ 65 հազարի հավելավճար»։
Դեռ ամփոփման փուլում են․ «Քանի որ բողոքարկման փուլն ավարտված չէ, դեռ շատ փոփոխություններ կարող են լինել»,- ասում է վարչության պետն ու հավելում, որ սա փորձնական փուլն է, դեռ շտկելու շատ բաներ կունենան։