Դարն ապրած էլեկտրասյունը տապալման եզրին է, իսկ ՀԵՑ-ը՝ անտարբեր

Արդեն  2 օր է, Երևան քաղաքի Սարալանջից  դեպի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցի սկզբնամասը ճանապարհը  փակվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պատճառը, ըստ Բուռնազյան փողոցի բնակիչների,  «Հայաստանի էլեկտրացանցեր»   ընկերության քար անտարբերությունն է:  Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Տարիներ շարունակ այս հատվածում  ԽՍՀՄ տարիներին տեղադրված փայտե էլեկտրասյունը ամեն պահի հնարավոր է տապալվի: Այս պահին էլ էլեկտրասյունը, կարելի է ասել, տապալված է, պարզապես էլեկտրալարերն են պահում: Բազմիցս դիմել ենք «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանն ու Էրեբունի թաղապետարան, սակայն ցուցաբերել են քար անտարբերություն: 

 

2 օր առաջ ստիպված դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից մարդիկ օպերատիվորեն արձագանքեցին մեր ահազանգերին, բայց դե հո սա փրկարարների անելիքը չէ, պետք է «Հայաստանի էլեկտրացանցերը» միջոցներ ձեռնարկեն՝ դարն ապրած էլեկտրասյունը նորով փոխարինելու համար:  Բայց ոնց գցում բռնում ենք, նրանց չի հուզում այդ խնդիրը: Երևի սպասում են սյունը տապալվի մեկի գլխին, որ նոր տեղներից շարժվեն: ԱԻՆ-ի ներկայացուցիչները եկել են, սահմանազատել են տարածքը, բայց դե իրենք հո ստոլբա փոխող չեն:  100-ի ավելի  տներ  էդ էլեկտրասյան հույսին են: Պատկերացնում ենք, եթե տապալվի, ինչ կլինի: Այսօր Էրեբունու թաղապետարանից եկան, նկարեցին ու գնացին:Ամոթ չունենային, կարող ա մի հատ էլ սելֆի անեին ու այդքանով համարեին իրնեց գործն ավարտված: Ում դիմենք, չգիտենք: Վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք: Գոնե մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեն ու էդ անտեր խնդիրը լուծեն, իսկ դա դժվար չի: Մի քանի ժամվա սրտացավ աշխատանք ու հարցը կլուծվի»: 

Քաղաքականություն