ՏԵՍԱՆՅՈՒԹ.19-ամյա Գագիկ Մկրտչյանի գլխատված դին ապրիլին հանձնել են մորը. պատգամավորը՝ Պապիկյանին
Այդ նույն պարզ գործողություններո՞վ էիք պատրաստվում ապահովել գերության մեջ գտնվող 19-ամյա Գագիկ Մկրտչյանի կյանքի իրավունքը, ում գլխատված դին ապրիլին Ադրբեջանից Հայաստան ժամանած ինքնաթիռով հանձնեցին մորը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։
Պատգամավորի դիտարկմամբ՝ պատերազմից անցել է մեկ տարի, սակայն դեռևս հայտնի չէ գերիների ամբողջական թիվը։ Ավելին՝ կան գերության դեպքերը հաստատող բազում փաստեր, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, օրինակ՝ 1943թ ծնված Էլզա Սարգսյան, մայր և դուստր Անահիտ Վարյա Թունյաններ, կան ավելի քան 200 անհետ կորածներ, մեր գերիները շարունակում են խոշտանգվել, ունենք խեղաթյուրված բազմաթիվ ճակատագրեր։ Պատգամավորը նկատեց՝ այս պայմաններում ինչպես է իշխանությունը պատրաստվում գնալ քարտեզներ՝ գերիների դիմաց գործարքին, եթե որևէ քայլ չի ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների ամբողջական թիվը և ինքնությունը պարզելու համար։
Պատգամավորի բարձրացրած հարցերին Պապիկյանը խուսափեց հոդաբաշխ պատասխաններ ներկայացնելուց՝ նշելով, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են վերադարձնելու թե հաստատված, թե չհաստատված ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնց կենդանության հնարավորությունն այսօր կա։