Պետք է օգնեն հավաստիանալու, որ աշխատակիցը չի վարակում իր գործընկերներին. նախարարը` ամսի 1-ից ուժի մեջ մտնող կարգի մասին

Հոկտեմբերի 1-ից բոլոր գործատուները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, պետք է հետևեն սահմանված հակահամաճարակային սահմանափակումներին. կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով մանրամասներ:

«Հոկտեմբերի 1-ից աշխատակիցն աշխատանքի ներկայանալիս կամ պետք է ներկայացնի ՊՇՌ տեստի բացասական տեղեկանք կամ հակացուցման մասին բժշկի կողմից տրված տեղեկանք, բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիներն ու հղիները: Սա ընդհանուր կանոն է»,- նշեց Անահիտ Ավանեսյանը:

Նա շեշտեց՝ այս սահմանափակումներն իրականացնում են որպես համալիր հակահամաճարակային միջոցառումների կարևոր ֆիլտր:

«Դրանք պետք է օգնեն հավաստիանալու, որ աշխատակիցը չի վարակում իր գործընկերներին, այն քաղաքացիներին, ում սպասարկում է: Մենք ունենք համանման կանոն մեր երկիր գալուց՝ ունենալ ՊՇՌ բացասական տեստ, եթե, իհարկե, պատվաստված չի մարդը»,- մեկնաբանեց Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է պատվաստման առաջին դեղաչափը ստացած քաղաքացիներին, նախարարը մանրամասնեց. «Մինչև երկրորդ դեղաչափի ստանալը քաղաքացին կարիք չունի ՊՇՌ տեստի պատասխան ներկայացնել»:

Ժամկետը լրանալուց հետո քաղաքացին պետք է արդեն ստանա պատվաստման երկրորդ դեղաչափը:

Քաղաքականություն