Մեր մեքենաները Գորիս-Կապան ճանապարհն անցնում են սահմանապահների և ԱԱԾ-ի ուղեկցությամբ. Գորիսի փոխքաղաքապետ

Ներկա պահին Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակը հանգիստ է, սակայն հայկական մեքենաները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածն անցնում են ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ-ի ուղեկցությամբ։ 

 

«Փաստինֆո»-ին այս մասին հաղորդեց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը: 

«Հայկական մեքենաները սպասում են,մի տեղ հավաքվում են, հետո ռուս խաղաղապահների և մեր ԱԱԾ-ի ուղեկցությամբ անցնում են այդ հատվածը, որպեսզի վաղը ինչ-որ նոր բան չստացվի, ապահովությունը լավ բան է»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը: 

Վերջինիս հաղորդմամբ՝ իրանական բեռնատարների կուտակումները Գորիս-Կապան ճանապարհին բավականին նվազել են, սակայն նա տեղյակ չէ՝ ադրբեջանցիները շարունակու՞մ են գումար պահանջել իրանցի վարորդներից, թե ոչ: 

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել, որտեղ կանգնեցնում են իրանական բեռնատարները, նրանց փաստաթղթերը ստուգում, գումար են պահանջում իրանցի վարորդներից և նոր միայն թույլ տալիս անցնել այդ հատվածը: Վերջիններս սկսել են այլընտրանքային՝ Տաթեւի ճանապարհից օգտվել։ 
Ադրբեջանցիները սանձարձակ քայլեր են անում նաև ճանապարհով երթևեկող հայ վարորդների նկատմամբ՝հարվածում են մեքենաներին, վարորդներին: 
 

Քաղաքականություն