
Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի կյանքին վտանգ չի սպառնում. News

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:
«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա` նշելով, որ Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը:
Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասաց, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ մարտ է տեղի ունեցել եւ այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:
Գուրգեն Աթասյանն ասաց, որ իր որդին 1 տարի 1 օրվա ժամկետային զինծառայող է եղել, երբ վիրավորում է ստացել. «Իրեն Արմավիրի ուսումնականից են տեղափոխել, ինքը սովորել է БМП (զրահապատ տեխնիկա խմբ.), իրեն տարել են, պոստ է կանգնել, երբ իմ երեխեն պետք է БМП վարեր, այսինքն տանկիստին տանում են խրամատ պահի էլի»:
Գուրգեն Աթասյանի համոզմամբ, մեր զինծառայողների անվտագությունը այդ դիրքերում ապահովված չէ, քանի որ գոնե 30-40 մետր պետք է լինի միջդիրքային տարածությունը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ հայտնել էր, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: