ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռապունցելի համախտանիշ. բժիշկները 5-ամյա հնդկուհու որովայնից 1,5 կգ քաշով մազագունդ են հեռացրել

Հնդկաստանում բժիշկները հնգամյա աղջկա որովայնի խոռոչից հեռացրել են ահռելի մազագունդ, գրում է mirror.co.uk-ը` մանրամասնելով, որ երեխան անընդհատ մազ է կուլ տվել: Բժշկության մեջ այս երևույթը հայտնի է որպես Ռապունցելի համախտանիշ: 

Մազագունդը կշռել է 1,5 կգ: 

Երեխան հոսպիտալացվել է որովայնի հատվածում ցավերի և կծկումների, ինչպես նաև ախորժակի կորստի գանգատներով: Բուժզննման արդյունքում մասնագետները պարզել են, որ ցավի աղբյուրն ահռելի մազագունդն է: 

Աղջնակի ծնողները խոստովանել են, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում երեխան մազ է կերել: Նրանք ստիպված են եղել դստեր մազերը կտրել, սակայն նա սկսել է ուրիշների մազերն ուտել: 

Աղբյուրը նշում է, որ  բժիշկների հինգ հոգանոց թիմը մեկ ժամ տևած վիրահատության արդյունքում կարողացել է մազագունդը հեռացնել որովայնից: 

Բժիշկների խոսքով` այս համախտանիշը հանդիպում է հոգեկան խանգարում ունեցողների մոտ, մինչդեռ երեխաների շրջանում այն շատ հազվադեպ է: