
Իշխանությունը գիտի, որ Սյունիքի միջանցքի աշխատանքներին խոչընդոտելու ենք, ցանկանում է մեզ ձերբակալել․ Առուշ Առուշանյան

Իշխանությունը գիտի, որ Սյունիքի միջանցքներին աշխատանքներին մենք խոչընդոտելու ենք, չենք թողելու նման բան տեղի ունենա, դրա համար ցանկանում է մեզ ձերբակալել, և հարցին հեշտ լուծում տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետիսյանի դատական նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Ես պատրաստ եմ դատվելու միայն թե մեր ժողովրդին ամեն օր չտանեն, վախեցնեն, Եթե պետք է դատեն, թող դատեն, միայն թե տարեց մարդկանց, գյուղապետներներին և մեր աշխատակիցներին հանգիստ թողնեն, առանց այն էլ մարդիկ արտագաղթում են աշխատանք չունենալու, այս մթնոլորտի պատճառով։ Մեր բոլոր վարչական ղեկավարներին կանչում են։ Տեղեկություն ունեմ, որ երեկ Որոտան գյուղի ամբողջ ազգաբնակչությանը տարել են ոստիկանություն նույն խնդրով։ Ես հենց այսօր էլ պատրաստ եմ, միևնույնն է, իմ սկզբունքերը չեն փոխվելու»,- նշեց նա։
Առուշանյանի խոսքով՝ Լուսինե Ավետիսյանի ձերբակալությունը հերթական բանասարկությունն է։
«Մենք սկզբունքորեն մեզ թույլ չենք տա որևէ աշխատողի, որևէ քաղաքացու, ասել՝ արի և մեզ քվեարկի։ Ուղղակի հերթական բանսարկություններ են, և մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում, որ գրեք Առուշի վրա կամ էլ ձեզ կդատենք։ Ես ինձ երբևէ չեմ կարող թույլ տալ նման բան անել։ Այ իրենք, որ վարչական ռեսուրսն օգտագործում են, մարդկանց վախեցնում են, ուսուցչին ասում են գործից կհանենք, նրանց մոտ նորմալ է, բայց իմ ընկալումներում սխալ է»,- ասաց Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, որ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետիսյանը ձերբակալվել է հունիսի 5-ին՝ Քարահունջ համայնքի բնակիչներին ընտրակաշառք բաժանելու և ընտրություններին մասնակցելու հարկադրելու կասկածանքով։