Հասարակություն

ՔԿ–ի հայտարարությունը ՀՔԾ նախկին պետի որդու դանակահարության մասին

ՔԿ–ի հայտարարությունը ՀՔԾ նախկին պետի որդու դանակահարության մասին

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի: Նման հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 30-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը, ինչպես պարզվել է, Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ 

«2021թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում  մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության: Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր»,–ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Կոմիտեն հորդորում է զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց: 

Հավելենք` shamshyan.com–ի տվյալներով` Նարեկ Շահինյանին դանակահարելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի բաժիններից մեկի պետը։ 

Տուժածը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանի որդին է։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250