
Ֆլորիդայում փլուզված և 12 մարդու կյանք խլած շենքի բնակիչները դեռ ապրիլին նախազգուշացվել էին վթարային վիճակի մասին

Ֆլորիդայում փլված 12 հարկանի շենքի բնակիչները ապրիլին շենքի կառուցապատող ասոցիացիայի նախագահից նամակ են ստացել՝ նախազգուշացվելով շենքի վթարային վիճակի մասին, հայտնում է BBC լրատվականը։
Փաստաթղթում հստակ նշված է եղել, որ շենքը վթարային վիճակում է գտնվում և այն գնալով վատթարանալու է` հետևաբար շենքն անհապաղ վերանորոգման կարիք ունի։
Շինարարական ասոցիացիայի նկատմամաբ դատական գործ է հարուցվել։
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։
«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը և հավելել, որ, իր կարծիքով, արտակարգ իրավիճակների ծառայության արագ արձագանքը փրկել է բազմաթիվ կյանքեր։
Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Առայժմ հայտնի է 12 զոհի և 149 անհայտ կորածի մասին։ Այս առնչության որոնողական աշխատանքները շարունակվում են։