ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Հերացի փողոցը․ քաղաքացիների մեջ վիճաբանություն սկսվեց

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։  

 

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ Հերացիի մորգի մոտ են և փակել են փողոցը: 

«Երկու օր առաջ բացահայտվել է մի բան, որն այսօր պարզվում է: Թվերի մեջ անճշտություն եմ գտել: Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»: 

Ղուկասյանի խոսքերով, տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս. «Մարմինները տարբեր տեղեր պահել են, մրգի սառնարաններում: Իիմա աստիճանաբար հանում են ու տալիս հարազատներին, ուղղակի պայմանական գործի մեջ սխալը չէին ուղղել, չէին մտածում, որ բացահայտվելու է»,-ասաց նա: 

Ղուկասյանն ասաց, որ այսօր իրեն տվյալներ են տվել, որ կա 230 դիակ, ու մոտ 420-427 մասունք. «Այսօր մատիտով գրված տվել են մեզ, որ այսօրվա վիճակն է, բայց սրանից մի քանի օր առաջ լրիվ այլ թվեր են տվել մեզ: Ես 2 օր առաջ շատ պատահական տեսա, որ թվերի մեջ սխալ կա»: