Հիմա դուք Վազգենի ասածը լո՞ւրջ եք ընդունում. Լևոն Տեր-Պետրոսյան

Եթե չհեռանայի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր սկսվելու: Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հեռացավ:

 

Ղազարյանի դիտարկմանը, որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մնար, իրենք կգնային, առաջին նախագահն ասել է.

 «Հետո ի՞նչ, որ հայտարարեց, ե՞րբ հայտարարեց, իմ հրաժարականից հետո, հետո՞: Ի՞նչ էր ստացվում: Հիմա դուք Վազգենի ասածը լո՞ւրջ եք ընդունում: Վազգենը հասկացել էր իր սխալը, դրա համար այդպիսի արդարացում պետք է գտներ: Նա շատ արագ հասկացավ իր սխալը: Բա ինչո՞ւ Դեմիրճյանի հետ դաշինք կնքեց ու փորձեց փաստորեն Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնել»:

 

Ենթադրությանը, որ դա եղել է իշխանության համար պայքար, Տեր-Պետրոսյանը նշել է, որ բոլորի մասին կարելի է ասել, սակայն Վազգեն Սարգսյանի մասին չի կարելի ասել՝ իշխանության համար պայքար. «Նա անկեղծ կարող էր մոլորվել, սակայն իշխանության համար պայքարում ազգի շահերին երբեք չէր դավաճանի: Այդ մեկն անարդար կլինի նրա մասին ասելի: Նա անկեղծ մոլորվեց: Հետո նա շատ կարճ ժամանակում հասկացավ ամեն ինչ: Ես գիտեմ նրա հոգեկան վիճակը»: