
ՊՆ փոխնախարարը՝ նախարարության գործողությունների մասին

Պաշտպանության նախարարությունը թույլատրելիի սահմաններում ամեն ինչ ներկայացնում է։ Մեր վեց գերիների մասին բոլորն ավելի շատ են մտածում, քան դուք։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ դիմելով լրագրողներին։
«Սրանք այնքան նուրբ հարցեր են, որոնց պատասխանները կարող են մանիպուլացվել»,-ասաց Արման Սարգսյանը։
Դիտարկմանը, որ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ կոնկրետ գործողությունների կդիմի, եթե մեր սահմանը չլքեն, փոխնախարարն ասաց, որ ամեն ինչ իրականացվում է։
Լրագրողի դիտարկմանը, որ տեսնում ենք արդյունք, երբ մեր տարածքից հայ զինծառայողներին գերի են վերցնում, այդ դեպքում եթե ՊՆ-ն ինչ-որ բան է անում, ինչու է նման բան լինում, Արման Սարգսյանն ասաց. «ՊՆ-ն իրականացնում է հնարավոր ամեն ինչ։ Մեր բանակն ամեն ինչ իրականացնում է, որպեսզի սադրանքների չտրվի։ Բանակն իր գործողություններն իրականացնում է անհրաժեշտ վերլուծությունների հիման վրա և մեր կողմից իրականացվում են բոլոր քայլերն այս իրավիճակը շտկելու համար»,-ասաց փոխնախարարը։
Հարցին՝ բացառու՞մ է արդյոք, որ կարող են նման դեպքերը կրկնվեն, Արման Սարգսյանը վստահեցրեց՝ ամեն ինչ իրականացվում է, որ չկրկնվեն նման դեպքեր և ամեն ինչ արվում է, որ գերեվարված զինվորները րոպե առաջ վերադառնան հայրենիք։
Դիտարկմանը, որ այդ հատվածը լարված է, ինչու համապատասխան չափով ուժեր կենտրոնացած չենք ունեցել, Արման Սարգսյանը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են ունեցել ենք, թե ոչ։