
Պատանդ վերցնել և կալանավորել Բելառուսի հոկեյի հավաքականին, քանի դեռ Մինսկում ազատ չեն արձակել լրագրող Պրոտասևիչին․ Լատվիացի պատգամավոր

Լատվիայի Սեյմի պատգամավոր Այգարս Բիկշեն առաջարկել է պատանդ վերցնել Բելառուսի հոկեյի հավաքականի խաղացողներին և նրանց կալանքի տակ պահել, քանի դեռ Մինսկում ազատ չեն արձակել լրագրող Ռոման Պրոտասևիչին և այլ «քաղբանտարկյալների»:
«Առաջարկ կա. Լատվիան կալանքի տակ է պահում Բելառուսի հոկեյի ողջ հավաքականին և սահմանից այն կողմ է թողնում՝ միայն փոխանակելով բելառուսական ռեժիմի բոլոր քաղբանտարկյալների հետ»,- EADaily-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել լատվիացի պատգամավորը:
Նրա կարծիքով՝ «պատասխանն ահաբեկիչներին» պետք է կինի «հնչեղ և տպավորիչ»: Պատգամավորը պնդում է, որ Մինսկը Պրոտասևիչի ձերբակալությամբ հստակ ազդանշան է տվել «Բելառուսի ազատության համար պայքարողներին». «Մենք ամենուր հետապնդելու ենք ձեզ, իսկ ձեր կողմնակիցներն Արևմուտքում չեն կարողանա պաշտպանել ձեզ»:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Նշենք, որ այս օրերին Լատվիայում անցկացվում է հոկեյի աշխարհի առաջնությունը