Ո՞վ է իրավացի Հոխիկյանը, թե Ավինյանը․ Auroranews-ը մանրամասներ է հայտնում
Ադրբեջանական կողմը շարունակում է տեսանյութեր տարածել, ինչպես իրենք են նշում, Սև լճի տարածքից։ Հետաքրքրական է, որ տեսանյութում երևացող բնակլիմայական պայմանները ընդահնրապես մոտ չեն այն բնությանը, որը մենք քիչ առաջ տեսանք Տիգրան Ավինյանի տարածած լուսանկարներում։ Ավելին, սոցցանցերում որոշ փորձագետներ և օգտատերեր պնդումներ են անում, որ Ավինյանը ոչ թե եղել է Սև լճում, այլ Սագի լճի մոտակայքում։
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրառում տարածեց, նշելով՝ իրականում պաշտոնյաները եղել են Սև լճին մերձակա մեկ այլ՝ Սագի լճի կամ որ ավելի հավանական է՝ դրանից քիչ ներքևում գտնվող լճակի ափին՝ նկարվելու։
«Դե հիմա, լիճը լիճ է, նկարում հո չի՞ երևա, թե որ լիճն է, կարևորը մարդկանց հերթական անգամ խաբեն։Կից քարտեզում հստակ ցույց եմ տվել, թե որտեղ են եղել պաշտոնյաները, և բնական է, որ Սյունիքի մարզպետը կամ մյուս չինովնիկները չէին համարձակվի փոխվարչապետին հուշել՝ չանել ստահոդ հայտարարություններ»,- գրել է Հոխիկյանը։
Auroranews-ը կապ հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Ավետիսյանի հետ, ով մանրամասնեց․
«Դա Սև լճի հետնամասում է, կարողացել են բանակցությունների ժամին լինել այնտեղ։ Ինչ վերաբերում է ընդհանուր տարածքին՝ Սև լճի տարբեր հատվածներում տարբեր կլիմայական պայմաններ են, ձյուն ևս կա։ Տիգրան Ավինյանը Գորիս համայնքի ներկայացուցիչների հետ եղել է Սև լճում, հենց նրանք են ուղեկցել»,- ասաց Գորիսի փոխքաղաքապետը։