
Ռազմական դրությունը արտահերթ ընտրության համար խոչընդո՞տ կլինի

Վերջին օրերին Սյունիքում՝ Սև լճին հարող տարածքում և Գեղարքունիքում ադրբեջանանական մոտ 250 գոհայինների՝ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս խուժելու փաստի ու մեր իշխանությունների անգործության վերաբերյալ քննարկումներում կարծիքներ են հնչում, թե այս դեպքերը կարող են իշխանությունների համար արտահերթ ընտրությունները չեղարկելու հիմք դառնալ: Որպես հիմք՝ նշվում է հնարավոր ռազմական դրությամբ պայմանավորված՝ ընտրություններ անցկացնելու անհնարինությունը:
ՀՀ Սահմանադրության «Հերթական ընտրություններ» բաժինն ասում է, որ ռազմական դրության ժամանակ հերթական ընտրություններ չեն կայանում: Արտահերթ ընտրությունը ևս ճգնաժամ է, հետևաբար՝ մեկը մյուսի համար չեղարկման պատճառ չի կարող լինել, որովհետև եթե կա ճգնաժամ, այն որևէ կերպ պետք է լուծվի:
Այս պահին մենք պատերազմի իրական սպառնալիք չունենք, այլ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն, ինչը հանցագործություն է: Նորմալ երկրներում դատախազությունը նման դեպքում գործ է հարուցում ու կայացնում ձերբակալման որոշում: Մեր պարագայում գործը մի կերպ հարուցվեց, սակայն ձերբակալված անձինք չկան: Այսինքն՝ դատախազությունն այս պահին կոնկրետ անգործություն է դրսևորում, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր տարածք ներխուժած ադրբեջանցիների դեմքերը բաց են, այսինքն՝ հայտնի են հանցագործություն կատարողները, պարզված է նրանց բոլորի ինքնությունները:
Այսինքն՝ մեր իշխանությունների ու իրավապահ մարմինների գործողությունները գոնե այս պահին որևէ հիմք չեն տալիս մտածել որպես հետևանք՝ հնարավոր ռազմական էսկալացիայի մասին: Այնպես որ՝ ընտրությունները Սյունիքի դեպքերով չեղարկելը նոնսենս է. Նիկոլ Փաշինյանը պետք է այլ բան մտածի: