
Վերսկսվել է «Երևանի ավտոբուս»-ին վառելիքի մատակարարումը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը:
Մայիսի 12-ի վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ կանգառներում սպասում էին երթուղայինների և ավտոբուսների ժամանելուն: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ խնդիրը վառելիք մատակարարող ընկերության հետ է կապված, սակայն իրենք անում ենք ամեն ինչ խնդրին լուծում տալու համար: Կարապետյանը նաև նշել էր, որ խնդիրը մասամբ լուծվել է: Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել: