Մենք այլևս փրկիչներ և տերեր փնտրելու իրավունք չունենք․ Գորգիսյան

Եկել է ընտրության ժամանակը, և մեզանից յուրաքանչյուրը խիզախություն պետք է գտնի իր մեջ, որպեսզի հասնի ընտրատեղամաս, մտնի քվեախցիկ ու հայտնվի իր խղճի հետ միայնակ, որովհետև այս ընտրությունը լինելու է խղճի, պատասխանատվության ընտրություն: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

 

«Մեզ հաճախ են հարցնում՝ ու՞մ ընտրել: Պետք է ընտրել ոչ թե ում, այլ ՝ինչ , պետք է ընտրել գաղափար, ծրագիր , որովհետև մեր ժողովուրդն այլևս տերերի կարիք չունի: Միայն համախմբվելով գաղափարի շուրջ, պատասխանատվության լրջագույն բեռ վերցնելով, բծախնդիր կարգապահությամբ՝ կկարողանանք կառուցել մեր լուսավոր ապագան, իսկ միասնության հասնելու համար պետք է ընտրել հանուն, այլ ոչ թե ընդդեմ»,-ասաց Գորգիսյանը:

 

Պատգամավորի խոսքով՝ տարիներ շարունակ հայ ժողովուրդը պատվիրակել է իր իրավունքներն ու ստեղծած բարիքները մարդկանց, ովքեր սեփականաշնորհել են դրանք, հետ են վերադարձրել դրանց մի խղճուկ մասը և ներկայացել են որպես բարեգործներ, փրկիչներ.


«Նրանց վստահել ենք մեր հայրենիքի ապագան, բայց փոխարենը ստացել ենք միայն հիասթափություն: Մենք այլևս փրկիչներ և տերեր փնտրելու իրավունք չունենք: Եկել է պահը, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք վերադարձնել մեր ազատությունը և արժանապատվությունը»

Քաղաքականություն