Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: 

 

«Լատվիան վերջապես պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Կողմ արտահայտվեցին Սաեյմայի 100 անդամներից 58-ը։ Այն, ինչը տարիներ առաջ դժվար պատկերացնելի էր, այսօր դարձավ իրականություն։ Սա վերջին տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, որտեղ էական է եղել դիվանագիտության զինանոցի գրեթե ողջ պաշարի կիրառումը՝ քաղաքական ինտենսիվ շփումները, խորհդարանական դիվանագիտությունը, մշակութային դիվանագիտությունը համայնքային և Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածությունը։ Այս ամենի ամբողջությունը, գումարած վերջին տարիներին մեր աշխատանքներում որոշ շեշտադրումների փոփոխությունները հանգեցրեցին այս արդյունքին։

 

Դեռևս 2020 թ ․ ապրիլի 24-ին Լատվիայի խորհրդարանի երկու ուժեր, որոնք նաեւ իշխող կոալիցիայի անդամներ են, «Նոր պահպանողականների» եւ «Զարգացմանը, Այո» կուսակցություններն արդեն արել էին Հայոց ցեղասպանությունն ընդունող եւ դատապարտող հայտարարություններ. Այս ուժերի, ինչպես նաեւ «Համաձայնություն» կուսակցության ներկայացուցիչների մեծ մասի նախաձեռնությամբ էլ 2021 թ.փետրվարից սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որի արդյունքում բանաձեւ-հայտարարություն ներկայացվեց ապրիլի 23-ին. Ապրիլի 29-ին նախնական բանաձևի տարբերակը առարկություններով հետաձգվեց մեկ շաբաթով։ Բանաձեւի փոփոխված տարբերակ առաջարկեց Արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովը, որի շուրջ նույնպես ծավալվեց ինտենսիվ քննարկում եւ որը նույնպես վերջին երկու ամիսների ընթացքում զուգահեռ աշխատանքներ է ծավալել այս ուղղությամբ », - գրել է Մկրտչյանը.

 

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է նաև Լատվիայի Սաեյմասի կողմից ընդունված բանաձևի թարգմանությունը.

 

«Լատվիայի Հանրապետության Սաեյման նշելով, որ կարևոր է ոգեկոչել Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այն զանգվածային սպանդը և պարտադրված տեղահանությունները, որոնք սկսվեցին 1915 թ․ ապրիլի 24-ի նախկին Կոնստանդնուպոլիսի հայ համայնքի մտավորականների ու ականավոր անհատների ձերբակալություններով,

հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան և Եվրոպական խորհրդարանի 1987 թ․ հունիսի 18-ի բանաձևը, որը նշում է, որ այս դեպքերը համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի հանդիսանում են ցեղասպանություն, ընդգծելով, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և որ Լատվիան գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով, ճանաչելով, որ Օսմանյան իշխանությունների գործողությունների հետևանքով հայ ժողովուրդի մի ստվար քանակություն արտաքսվել է կայսրության այլ հատվածներ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել՝ սովահարության, դաժանությունների և սպանդի գործադրմամբ։

 

Դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ, հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին,

հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումները անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ, կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական ​​տալ այս պատմական իրադարձություններին եւ նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել, առանց բռնության եւ անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են եւ յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ եւ ապահով»,- ասված է հայտարարության մեջ։
 

Քաղաքականություն