«Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստի ընթացքում մեղադրյալ Եղիշե Հակոբյանը Հանրային մեղադրողի հարցերին պատասխանելով՝ պատմել է դեպքի օրը տեղի ունեցածի և հրդեհի բռնկման մասին։
«Երբ նկատել եմ, որ հանգում է վառարանը, դուրս եմ եկել, նախամուտքի մոտ Լևոնին ասել եմ, որ վառարանը հանգել է, փայտ բերեք։ Որոշ ժամանակ հետո դուրս եմ եկել, գնացել եմ պահեստ, հետո մտել եմ ճաշարան։ Երբ հետ եմ եկել, տեսել եմ, որ փայտն արդեն դրված է վառարանի մեջ։ Հանգել էր կրակը, քանի որ թաց էր եղել փայտը։ Լևոնից ճշտել եմ՝ կա՞ մի բան, որ կարող ենք վառարանը կպցել, ասել է՝ չգիտեմ։ Գնացել եմ պահեստ, որ ինչ-որ վառելանյութ գտնեմ ու փայտը կպցնեմ։
Մտել եմ ճաշարան, Ռադիկին հարցրել եմ՝ ինչով կարող եմ կպցել, բենզին կամ դիզվառելիք որտեղի՞ց կարող եմ վերցնել։ Ռադիկ Մաթևոսյանը նշել է, որտեղ կա։ Մութ էր, հեռախոսի լույսով գնացել ու գտել եմ, տեսել եմ պլաստմասե և երկաթյա տարաներով դրված է։ Այդ ցրտին ու մթին հնարավոր չէր, վառելիքը երկաթյա տարներից մեկից քաշեմ ու հանեմ, տեսել եմ պլաստամսե տարաներից որի մեջ է քիչ, վերցրել ու մտել եմ ներս։ 5 լիտրանոց էր, կիսով չափ էր լիքը։ Այդ պահին հարմար այլ բան չկար, որ լցնեի մեջը։
Մտել եմ ներս, այդ ընթացքում Ռադիկ Մաթևոսյանը, Լևոն Խառատյանը նույնպես ներս էին մտել։ Ընթացքում սուրճ ենք խմել։ Վառարանն արդեն հանգած էր, ես վերցրեցի՝ որպեսզի թեժացնեմ վառարանը։ Լցրեցի, վերևի կափարիչը փակեցի, զգացի ծուխ է դուրս գալիս, կափարիչը բացեցի, միանգամից բոցը տվեց դեմքիս, դեմքս այրվեց։ Այդ պահին շիշը ձեռքումս էր, ընկավ գետնին։ Հետ եմ քաշվել, երբ աչքերս բացել եմ, տեսել եմ, որ կրակը տարածվում է դրսի մուտքի մոտ։ Տեսա, որ Լևոնն ու Ռադիկը ուզում են ոտքով հանգցնել»։
Հակոբյանը պատմել է նաև, թե ինչ է արել հրդեհի բռնկումից հետո։
«Ներս եմ մտել զինանոց, փորձել գտնել մի բան, որ հանգցնեմ կրակը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դրսում տեսել է Ռադիկ Մաթեոսյանին, Լևոնին, Արսենին և Վաղինակին։
«Այդ պահին նկատել եմ, որ ինչ-որ մեկը գոռում էր, լուսամուտներն էր ջարդում, ինչ-որ մեկը կրակմարիչներից էր բերում։ Վերցրել եմ, ցանկացել երկրորդ անգամ ներս մտնել, չեմ կարողացել։ Տեսել եմ՝ զինվորներից մեկը երկաթե խողովակ է բերել, փորձել են ճաղավանդակները ծռել։ Առաջինը Ժիրայրին եմ նկատել, հետո Գարուշին եմ հիշում։ Ժիրայրի ուսից բռնեցինք, հանեցինք։ Հետս մոտեցել է Գարուշը, կողքով է դուրս եկել։ Ձեն ենք տվել, ոչ ոք զինվորներից այլևս մոտիկ չի եկել։ Բարձրացել եմ ճաղավանդակի վրա, որ ներս մտնեմ։ Երևի ուսս ներս մտած է եղել։ Մի զինվոր մոտեցել է, մայկից բռնել եմ, որ քաշեմ, հանեմ։ Մայկեն ճղվել է, ձեռքումս էլ մնացել է։ Հետ եմ ընկել ճաղավանդակից»։
Հակոբյանը նշել է, որ չի հասկանում, թե ինչու մյուս զինվորները չեն կարողացել դուրս գալ ննջասենյակից։
«Չգիտեմ՝ մյուսները ինչու չեն արթնացել»,- ասել է նա։
Հանրային մեղադրողի հարցին, թե ինչու սենյակ չի մտել, Հակոբյանը պատասխանել է, որ գուցե չի «ֆայմել» և փորձել է հանգցնել կրակը։
«Իրենք պետք է դուրս գային օգնեին, կրակը ինձ մոտ է եղել»,- ասել է նա։
Վերջում Հակոբյանը հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու հարցում, սակայն զինվորների մահը չի ընդունում որպես հրդեհի հետևանք։
«Մեղավոր եմ ճանաչում, որ վառարանը վառել եմ չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Սակայն զինվորների մահը չեմ ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված նրանց մահը, քանի որ դա ինձ համար նույնպես գաղտնիք է»։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, ևս 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ։
Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ավտոբենզինի հետ վարվելու կանոնները խախտելու և այն կացարանի վառարանը վառելու նպատակով օգտագործելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...